Մարտի 20-ին Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա) հանդիսավոր պայմաններում իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց է տեղի ունեցել նախագահ Գաշպարովիչի և ՀՀ դեսպանի միջև: Նախագահը, շնորհավորելով դեսպան Սեյրանյանին հավատարմագրման կապակցությամբ, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Պարոն Գաշպարովիչը հույս հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման գործում:
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահի նստավայր Գրասալկովիչի պալատում ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց ջանքեր չխնայել երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Շուրջ կես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եվրաինտեգրման օրակարգին, բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին, Հայաստան-Սլովակիա քաղաքական երկխոսությանը, երկկողմ տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային խնդիրներին: Օգտվելով առիթից` դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թ. նոյեմբերի 30-ին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:
Բրատիսլավա կատարած այցի ընթացքում դեսպան Սեյրանյանը հանդիպումներ է ունեցել նաև Սլովակիայի Արտաքին և Եվրոպայի գործերի նախարարության պետական քարտուղար (նախարարի տեղակալ) Պետեր Յավորչիկի, ինչպես նաև նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:






































