Georgia Online-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 26-27-ը պաշտոնական այցով Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Դա կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակով նրա առաջին այցը Վրաստան։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն։
Այցի շրջանակներում Սթոլթենբերգը կհանդիպի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչների հետ։
Այդ հանդիպումներում քննարկվելու են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը, այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ուելսյան գագաթնաժողովում Վրաստանի ստացած միջոցների փաթեթի գործարկման հարցն ու Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստությունը։
Սթոլթենբերգը նաև կհանդիպի վրացի զինծառայողների վաշտի հետ, որը պատրաստվելու է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համար։ Օգոստոսի 27-ին Սթոլթենբերգը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնի բացմանը։









































