Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան պատրաստվում է «արժութային պատերազմներին»։ Չնայած նրան, որ երկրի վիթխարի արժութային պահուստները թույլ են տալիս դիմակայել չարաշահողների ճնշմանը, այնուամենայնիվ, ռիալը շարունակում է ենթարկվել հարձակումների։
Ներդրողներն ակտիվորեն գնում են ֆորվարդներ, որոնց պայմանագրերը հնարավորություն են տալիս ապահովագրվել արժույթի փլուզումից՝ դրանով իսկ փորձելով վաստակել ռիալի փոխարժեքի հնարավոր անկման դեպքում, եթե Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկը որոշի հրաժարվել ներկայիս փոխարժեքից։
Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն երկար տարիներ պահպանում են ազգային արժույթի նույն փոխարժեքը՝ մեկ դոլարը համարժեք է 3.75 ռիալի։ Դա հնարավորություն է տալիս չմտահոգվել արժույթի արժեզրկման ու ինֆլյացիոն ճնշման կտրուկ մեծացման մասին։ Մյուս կողմից էլ նավթի գնանկման ֆոնին փոխարժեքի նվազումը կարող է օգնել բյուջեն լցնելուն, ինչպես որ տեղի է ունենում Ռուսաստանում։ Ավելին՝ Սաուդյան Արաբիայի ԿԲ-ին նման որոշման գնալու կարող է դրդել չինական յուանի արժեզրկումը, քանի որ Չինաստանն արաբական պետության առանցքային առևտրային գործընկերներից մեկն է։








































