Georgia Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ակնառու է Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված դրական դինամիկան:
«Վաշինգտոնում շատերը մտածում են, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի Վարշավայի գագաթնաժողովը հաջող լինի ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրների պաշտպանունակության համար։ Դրական դինամիկան ակնառու է, սակայն մենք փոխադարձորեն պետք է համաձայնեցնենք այն լեզուն, որը կօգտագործվի հռչակագրի համար»,- ասել է նա։
Անդրադառնալով Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացման խնդրին՝ Խիդաշելին հայտարարել է, որ այն ունենալու է ուսումնական նշանակություն։ Խոսելով Ուկրաինայում ռազմական գործողություններին վրացիների մասնակցության մասին՝ Խիդաշելին հայտարարել է, որ բոլորն այնտեղ մարտնչում են՝ պաշտպանելով այն սկզբունքներն ու արժեքները, որոնց համար ապրում են, և որ դա իր որոշելու հարցը չէ, թե ով պետք է ծառայի կամ մարտնչի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական կողմը հույս էր հայտնել, որ Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներով Վրաստանը կստանա դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր (MAP):










































