Chanel-ի տնօրեն Կարլ Լագերֆելդը իր ուժերը ցանկանում է փորձել ռեժիսուրայում: Այս շաբաթ նա կնկարահանի կարճամետրաժ ֆիլմ: Ֆիլմի գլխավոր հերոսուհին լեգենդար Կոկո Շանելն է, որին մարմնավորում է Կիրա Նայթլին:
Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ ֆիլմը նվիրված է նորաձևության տան 100-ամյակին: Այն կնկարահանվի մերձծովյան Դովիլում: Հենց այնտեղ է 1913 թվականին գործել Chanel-ի առաջին բուտիկը, որի բացումը հովանավորվել է Կոկոյի սիրեցյալի՝ կապիտան Արթուր Քեյփելի կողմից:
«Կարիբյան ծովահենները» ֆիլմի 27-ամյա աստղը վաղուց է համագործակցում նորաձևության բրենդի հետ: Նայթլին դարձել է Coco Mademoiselle բուրմունքի դեմքը, իսկ «Աննա Կարենինա» ֆիլմի նկարահանումներին փայլել յուրօրինակ զարդերով, որոնք ներկայացնում է Chanel-ը:
Ըստ շշուկների՝ Կարլ Լագերֆելդը ներկայում աշխատում է դերասանուհու հարսանեկան զգեստի վրա: Նա պատրաստվում է ամուսնանալ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ:
Նայթլիի հետ ֆիլմում կնկարահանվեն նաև Ստելլա Տենանտը, Տալուլա Հարլեքը, Կլոտիլդա Էսմեն, ինչպես նաև մոդել Բրեդ Քրոնիգն ու նրա 4-ամյա որդին:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Սինգապուրում՝ Chanel-ի նոր հավաքածուի ցուցադրությանը:









































