TASS-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարությանը կոչ է արել տնտեսական քաղաքականություն իրականացնել՝ հաշվի առնելով նավթի նոր` ցածր գները և հրաժարվել ավելորդ ծախսերից: Այդ մասին նա հայտնել է ժողովում, որտեղ քննարկվել են ղազախական տնտեսության աճի ապահովման խնդիրները համաշխարհային շուկաներում իրադրության վատացման պայմաններում:
Նախագահը ընդգծել է նավթի 30-40 դոլար/բարել գներին հարմարվելու անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով՝ Ղազախստանի տնտեսության վրա երկարաժամկետ հեռանկարով կարող են ազդել մի շարք գործոններ: «Առաջին` նավթի և մետաղների ցածր գները, որոնք փորձագետների կարծիքով կարող են պահպանվել 5 տարի: Երկրորդ` սահմանափակ կլինի զարգացող երկրների մուտքը ներդրումների և կապիտալի նկատմամբ, և երրորդ` ղազախական արտադրանքի սպառման շուկան սեղմվում է՝ կապված մեր հիմնական գործընկերներ Ռուսաստանի և Չինաստանի թույլ պահանջարկի հետ»,- ասել է Նազարբաևը:









































