Պարզվում է` մի քանի ամիս առաջ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում կարագի փոխարեն մատակարարվել է սփրեդ, ինչը հանրային դժգոհության է արժանացել:
Այդ մասին այսօր մանկապարտեզների տնօրենների ու մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը փորձեց խնդրի առնչությամբ բացատրություն ստանալ կարագ մատակարարող ընկերության ներկայացուցիչ Հակոբ Սոսոյանից` նշելով, որ եթե նման բան կրկնվի, ապա ընկերությունը այլևս տվյալ սննդատեսակը չի մատակարարի մանկապարտեզներին ու կկանգնի դատարանի առաջ:
Ու թեև Հակոբ Սոսոյանը փորձեց հակադարձել, սակայն դժգոհեցին նաև հանդիպմանը ներկա մանկապարտեզների տնօրենները: Որոշվեց, որ մատակարարին կտրվի սթափեցնող նկատողություն:
Անկախ այս նկատողությունից, հաշվի առնելով Հանրապետության մանկապարտեզներում հաճախ պատահող սննդային թունավորումները, որոնք կապված են սննդի որակի հետ, կարծում ենք կարևոր է, որպեսզի այս խնդրով հետաքրքրվեն նաև հանրապետական պատկան մարմինները:
Ի դեպ, ուշագրավն է նաև այն, որ հաշվի առնելով, որ սննդի մատակարարները հիմնականում տեղի արտադրողներն են, և տնօրենները և քաղաքապետը բավական լավ ճանաչում են վերջիններիս և շատերն էլ աշխատում են այդ ոլորտում արդեն բավական երկար: