Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը պայթեցնելու հետևանքով պատճառված վնասի չափը հասել է 501 միլիոն դոլարի։
Այդ մասին հայտնել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բնական պաշարների նախարարությունը։ Վերջինս հիշեցրել է, որ նավթամուղը պայթեցվել է հուլիսի վերջին, ինչի հետևանքով դադարեցվել է խողովակաշարով նավթի մատակարարումը։
Նախարարությունը PKK-ին կոչ է արել վերջ դնել նման հարձակումներին՝ ընդգծելով, որ հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում նավթամուղի վրա կատարված հարձակման հետևանքով պատճառված վնասի չափը հասել է 501 միլիոն դոլարի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բնական պաշարների նախարարությունը հայտնել էր «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղի պայթեցման հետևանքով 250 միլիոն դոլարի վնասի մասին։ Նավթամուղի օրական թողունակությունը կազմում է 1.6 միլիոն բարել (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ցուցանիշը կազմում է 1 միլիոն բարել), իսկ Իրաքը Թուրքիայի թիվ մեկ նավթամատակարար երկիրն է։








































