Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին Վատիկան կատարած այցի ժամանակ Հռոմի պապին կոչ է արել ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կոսովոյի կառավարությանը: Հիշեցնենք, որ Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին հայտարարել է 2008 թվականին:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Թաչին ներկա է գտնվել Պապի գահակալության արարողությանը և նրան տեղեկացրել է Կոսովո պետության ստեղծման ճանապարհին ձեռք բերված առաջընթացի մասին: Թաչիի կոչի վերաբերյալ Պապի արձագանքի մասին չի հաղորդվում:
Վատիկանում գտնվելով՝ Թաչին հանդիպել է բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների հետ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի, ԵՄ խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյի, Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի և մի շարք բալկանյան երկրների ղեկավարների հետ:









































