«Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաստատել է, որ կուսակցության նախագահ և երկրի վաչապետ Ահմեդ Դավութօղլուն երեքշաբթի երեկոյան նախագահի հետ հանդիպման ժամանակ կհանձնի կառավարություն ձևավորելու իր մանդատը: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Դավութօղլուն երկուշաբթի բանակցություններ է վարել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ: Հանդիպումը արդյունքների չի հանգեցրել և վարչապետի խոսքերով՝ կոալիցիա ստեղծելու ճանապարհ չի երևում: «Ժողովրդահանրապետական» կուսակցության հետ բանակցությունները ևս արդյունք չեն տվել, որի պատճառով Դավութօղլուն ստիպված կհրաժարվի կառավարության կազմավորման իր լիազորություններից:
Կաբինետի ձևավորման՝ սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտին մնում է հինգ օր` մինչև օգոստոսի 23-ը, որից հետո օրակարգում կլինի արտահերթ ընտրությունների հեռանկարը: Բացառված չէ, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է մանդատը հանձնել «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Կիլիչդարօղլուն կամ էլ կոչ կանի խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին՝ մնացած օրերին փորձել իրար մեջ բաժանել նոր կառավարության տեղերը:











































