ՆԱՏՕ-ն հաստատել է 2013թ. Վրաստանի ամենամյա ազգային ծրագիրը (ANP):
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, ծրագիրը հաստատվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին, որն անցկացվել է նախօրեին՝ դաշինքի շտաբ-գրասենյակում, Բրյուսելում՝ նախարարների տեղակալների մակարդակով:
Հանձնաժողովը դրական է գնահատել Ամենամյա ազգային ծրագիրը: Դաշնակիցները պատրաստակամություն են հայտնել օգնել Վրաստանին` ծրագիրը հաջողությամբ իրագործելու հարցում:
Ազգային ծրագիրը պաշտոնապես ներկայացրել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցների ինտեգրման հարցերով պետական նախարար Դավիդ Դոնդուան:
2008թ. ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հաստատվել էր, որ Վրաստանը և Ուկրաինան կարող են ապագայում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ պայմանով, եթե համապատասխանեն դաշինքի չափանիշներին: Այդ նույն գագաթնաժողովին որոշում էր կայացվել Վրաստանի հանդեպ հաստատել «Ամենամյա ազգային ծրագիր» (ANP – Annual National Programme), որի շրջանակներում երկրի համար սահմանվում է գործողությունների մանրամասն ծրագիր:









































