Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ստեփանավանի օդանավակայանը և Բալահովիտի մոտ գտնվող ԱԻՆ պահեստն առաջիկայում օգտագործվելու են ՀԱՊԿ շրջանակներում գործող արագ արձագանքման ուժերի փրկարարների կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանն ասաց, որ այդ քայլն ունի նախ և առաջ քաղաքական նշանակություն: Ըստ նրա՝ այն միտված է Հայաստանում Ռուսաստանի երկարաժամկետ ներկայության և ազդեցության ամրապնդմանն ու տարածաշրջանում Ռուսաստանի շահերի պաշտպանությանը, ոչ թե Հայաստանի անվտանգության իրական ամրապնդմանը:
Անդրադառնալով այն տեսակետերին, թե դրանք միտված են երկրի ներսում ժողովրդական հուզումները ճնշելուն, ասաց. «Կօգտագործվե՞ն, թե՞ ոչ այդ ուժերը ներքին խռովությունների դեպքում՝ դժվարանում եմ ասել: Համենայնդեպս, այս պահին ես դրա նախադրյալները չեմ տեսնում, բայց այն, որ դրանք կհանդիսանան, եթե արդեն չեն հանդիսանում, Հայաստանի հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց՝ դա ակնհայտ է»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը մանրամասնել էր՝ ասելով, որ նշված երկու օբյեկտները համատեղ օգտագործվելու են Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների կողմից, օդանավակայանն ու պահեստարանը համատեղ ուժերով վերանորոգվելու են: Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների միջև պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերին:








































