Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց, որ գործադիրը չի պատրաստվում սուբսիդավորել բոլոր խմբերի բաժանորդներին: «Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»,- երեկ հայտարարեց վարչապետը:
Ուշագրավ է, որ մինչ երեկ որևէ խոսք չկար սուբսիդավորման խմբերի տարանջատման մասին, և երբ հոսանքի թանկացման դեմ աղմուկը մեկընդմիշտ մարեց, կառավարությունը սկսեց նոր հարցեր առաջ քաշել: Պարզ դարձավ, որ խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվի, իսկ փոքր ու միջին բիզնեսի հարցն էլ դեռ անորոշ է:
Սակայն ակնհայտ է, որ խոշոր բիզնեսի, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի վրա դնելով հոսանքի թանկացման բեռը՝ դա կբերի նրանց ծառայությունների ու արտադրանքի գնի ավելացման: Երեկ արդեն իսկ դրա վերաբերյալ կարծիքներ էին հնչում, որ քաղաքացին վճարելով ավելի բարձր այդ ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ ըստ էության, ոչնչով չի ազատվում իր վրա դրված հավելյալ բեռից:
«Ինքնին հասկանալի է, որ խոշոր բիզնեսին չսուբսիդավորելը կբերի շղթայական թանկացումների և կտանի տնտեսության էլ ավելի վատթարացման»,- երեկ տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է «Ոչ թալանին» նախաձեռնությունը՝ հավելելով, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել սուբսիդավորմանը, հատկապես, որ այն արվում է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարի հաշվին:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ դա կբերի էական թանկացումների: «Սուբսիդավորման պարագայում սովորական քաղաքացին պետք է ավելի վճարեր, ասենք, 2-3 հազար դրամ, բայց ինքը հաստատ ավելի շատ է վճարելու իր ամենօրյա գնումների կամ ծառայությունների համար, որոնց արտադրանքի կամ ծառայության ինքնարժեքը հաստատ բարձրանալու է: Երկիրը գնում է սնանկացման, որի դեմն առնելն արդեն դժվար է»,- ասաց տնտեսագետը:
Աշոտ Եղիազարյանի գնահատմամբ՝ երեկվա հայտարարությունը «շատ անճար քայլ է», այսինքն՝ սկզբում հայտարարել, որ հոսանքի թանկացված մասը մինչ աուդիտի ավարտը կսուբսիդավորվի, ապա մեկ ամիս անց հայտարարել, թե բա գիտեք՝ մենք չէինք ասում, թե բոլոր խմբերի համար ենք սուբսիդավորելու:
«Սա արվում է կառավարության անճարակությունից: Այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն գնալ ռուսական ընկերություններին դեմ: Նրանք ի վիճակի են միայն անել ցանկացած պարտադրված քայլ, բայց ոչ՝ հակառակը: Մեր կառավարությունը ի վիճակի չէ ինքնուրույն քայլեր ձեռնարկել, որը շատ ցավալի է, բայց իրականություն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաշվարկներով՝ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր խմբերի բաժանորդներին (արդյունաբերական ձեռնարկություններ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա դա կարժենա ամսական շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար), ինչը բավականին մեծ գումար է: Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է:
Սակայն եթե կառավարությունը որոշել է սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսական ընդամենը 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական ձեռնարկություններն ու այլ կազմակերպություններ, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի տեղական արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու մասնավորապես՝ ԵՏՄ տարածքում, որի անդամ բոլոր երկրներում էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է, քան Հայաստանում: Արդյունքում էլ ավելի կնվազի արտահանումը ՀՀ-ից դեպի ԵՏՄ երկրներ:










































