Արգենտինայի իշխանությունները HSBC բանկին կասկածում են երկրի տարածքում փողերի լվացման մեջ՝ հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ այս ֆինանսական հաստատության հանդեպ նման մեղադրանքներ հնչեցրել է ԱՄՆ-ը:
Արգենտինայի հարկային ծառայության տվյալներով` հարկերից խուսափելու համար բանկն օգտագործել է կեղծ փաստաթղթեր և կարողացել է օրինականացնել շուրջ 77 միլիոն դոլարի անօրինական վաստակած գումար:
HSBC-ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ մտադիր են համագործակցել հետաքննության հետ, և նշել են, որ արգենտինական կողմի մեղադրանքները «լուրջ անհանգստություն» են առաջացրել:
Հիշեցնենք, որ 2012թ. ամռանը ԱՄՆ-ի իշխանությունները HSBC-ին մեղադրել են այն բանում, որ բանկը թույլ է տվել օգտագործել իրեն՝ միլիարդավոր դոլարներ լվանալու համար, որոնք պատկանել են մեքսիկացի նարկոկարտելներին և Իրանին, Սիրիային, Հյուսիսային Կորեային:










































