ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայասանում Ամերիկայի առևտրային պալատը այսօր Համաշխարհային բանկի գրասենյակում կազմակերպել են առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ գործարար շրջանակների հետ հանդիպում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ հանձնաժողովը պատրաստակամ է քննարկել և աշխատել մրցակցային խնդիրների լուծման ուղղությամբ:
«Մրցակցության ոլորտում խնդիրներ կան, և նման հանդիպումներ կազմակերպելու միջոցով նպատակ ենք հետապնդում աշխատանքներ իրականացնել այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասաց Ա. Շաբոյանը:
ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչ, «Վալեքս» խմբի փոխտնօրեն Գագիկ Արզումանյանի խոսքով՝ վերջին շրջանում որակական փոփոխություն է նկատվում ՏՄՊՊՀ աշխատանքում, և հանձնաժողովը ինքն է գործարար համայնքի հետ քննարկումներ կազմակերպում:
«Կարևորագույն խնդիրներից մեկը շուկաներ մուտքի սահմանափակումների խնդիրն է: Միանշանակ չէ ընկալումը, որ այդ ոլորտում ունենք առաջընթաց: Գիտենք, որ օտարերկրյա խոշոր ցանցը, որ ցանկացել է գալ ՀՀ, որոշակի խոչընդոտներ են առաջացել»,- ասաց Գ. Արզումանյանը՝ խորհուրդ տալով ուսումնասիրություն իրականացնել:
«Ի՞նչ անենք մենք, որ հանձնաժողովն ավելի արդյունավետ աշխատի: Օրինակ՝ Դուք գո՞հ եք հանձնաժողովի աշխատակիցների վարձատրությունից»,- հարցադրում արեց Գ. Արզումանյանը:
««Կառֆուրի» հետ կապված՝ մենք մինչ օրս ո՛չ ընկերության, ո՛չ ընկերության ներկայացուցիչների կողմից ոչ մի գրություն չենք ստացել»,- հայտարարեց Շաբոյանը՝ պատրաստակամություն հայտնելով հանձնաժողովին դիմելու դեպքում ուսումնասիրություն կատարել:
Գ. Արզումանյանը հակադարձեց, որ ՏՄՊՊՀ-ն սեփական նախաձեռնությամբ կարող է ուսումնասիրություն իրականացնել:
Շաբոյանի պնդումը, թե փաստեր և ապացույցներ են հարկավոր, Գ. Արզումանյանին տարակուսանքի մեջ գցեց. «Ես, օրինակ, գուցե լավ չեմ տիրապետում իրավական կարգին, բայց կասկածի դեպքում ոստիկանությունը հարուցում է քրգործ: Հիմա, եթե պետք է փաստ լինի, հանձնաժողովը միայն դակի, կարծում եմ և առաջարկում՝ ինքներդ ուսումնասիրություն սկսեք ու փաստեր գտնեք»:
Այս պնդումից հետո Ա. Շաբոյանը խոստացավ ուսումնասիրել «Կառֆուրի» հետ կապված իրավիճակը:










































