Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շփման գծում շարունակում է լարված մնալ: Ամեն օր տեղեկություններ են հրապարակվում զինադադարի ավելի հաճախակիացած խախտման մասին: Երկու օր առաջ ՀՀ ՊՆ-ն տեղեկություն տարածեց ադրբեջանական կողմից իրականացված երկու դիվերսիոն ներթափանցման փորձի մասին: Արդեն տևական ժամանակ կողմերը բացի հրաձգային զենքից, օգտագործում են նաև ականանետներ, ինչը կարծես սովորական է դարձել երկու կողմի համար էլ: Օգտագործվող զինատեսակների ընդլայնումը ևս խոսում է հակամարտության սրման և խորացման մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրը տարածած հայտարարության մեջ հակամարտության սրման պատճառը կապում է Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ավարտի հետ: Ադրբեջանցիները անընդհատ փորձում են ցույց տալ, որ չեն համակերպվում Ղարաբաղյան պատերազմի արդյունքների հետ, և հանդես են գալիս ռևանշիզմի դիրքերից:
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը ինչ-որ չափով համընկավ Թուրքիայում իրավիճակի սրմանը: Որոշ հայ փորձագետներ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման և թուրք-քրդական բախումների միջև ընդհանրություններ են տեսնում:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ հայտարարեց, որ կառավարող կոալիցիա ձևավորելու «Արդարություն և զարգացում» կուսակցության ջանքերը հաջողություն չունեցան, և Թուրքիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որոշ փորձագետներ համարում են, որ քրդերի հետ հակամարտության սրումը կստիպի թուրքական հասարակությանը ավելի համախմբվել կառավարող կուսակցության շուրջ և արտահերթ ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կկարողանա ունենալ որակյալ մեծամասնություն՝ այլևս հույս չդնելով այլ կուսակցությունների հետ դաշինք ձևավորելու վրա:
Աշնանը խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու նաև Ադրբեջանում: Յուրաքանչյուր համապետական ընտրություն լուրջ փորձություն է Ադրբեջանի իշխանության համար, քանի որ Ադրբեջանի իշխանության ամենամեծ խոստումը սեփական հասարակությանը Ղարաբաղը և կորցրած շրջանները Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելն է: Սրելով իրավիճակը հակամարտության գոտում՝ ադրբեջանական իշխանությունը ուզում է սեփական հասարակությանը ցույց տալ, որ ինքը այդ նպատակի իրականացման ճանապարհին է:
Այսինքն՝ երկու երկրներն էլ հակամարտությունները փորձում են օգտագործել ներքաղաքական նպատակներով՝ սեփական հասարակություններին իշխող կուսակցությունների շուրջ համախմբելու և նրանց հաղթանակը ապահովելու համար:
Բայց որոշ հայ փորձագետներ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների և Թուրքիայում ՔԱԿ ակտիվացման միջև այլ՝ ռուսական հետք են տեսնում: Նրանք համոզված են, որ Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումը ստիպում է Ռուսաստանին սրել իրավիճակը մեր տարածաշրջանում: Ռուսաստանը հասկանում է, որ իրանական գազի և նավթի արտահանումը եվրոպական շուկաներ կարող է կոլապսի բերել ռուսական տնտեսությունը, որի եկամտի առյուծի բաժինը ստացվում է էներգակիրների արդյունահանումից և արտահանումից:
Իրանական գազի և նավթի արտահանմանը կարող է խոչընդոտել միայն այդ արտահանման երթուղիների շուրջ հակամարտությունների և զինված բախումների հրահրումը, որովհետև որևէ ներդրող չի ցանկանա կառուցել նավթամուղ կամ գազամուղ ռազմական գործողությունների անմիջական գոտում: Եթե այս տրամաբանությունը իսկապես ճիշտ է, ապա կարելի է սպասել, որ առնվազն հայ-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի լարվածությունը ոչ միայն չի թուլանա, այլ ընդհակառակը՝ կարող է ավելանալ: Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ իրեն՝ որպես տարածաշրջանային գործոն, չշրջանցեն, իսկ դա նշանակում է, որ չպետք է կառուցվեն Ռուսաստանի էներգատարներին այլընտրանք ստեղծող նոր նավթատարներ և գազատարներ:
Վաղեմի դաշնակիցներ Իրանը և Ռուսաստանը հիմա դարձել են հակառակորդներ, և մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացումը կապված է նրանց պայմանավորվելու ընդունակությունից և պատրաստակամությունից:










































