Habertürk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հատուկ նշանակություն է տալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը. «Մենք չենք ցանկանում Սիրիայի մասնատում։
Եթե այնտեղ չլինի կայունություն ու միասնություն, ապա մեր սահմանների մոտ կտիրի քաոս, ինչն էլ կշոշափի Թուրքիան։ Մենք արդեն հինգ տարի է՝ կրկնում ենք, որ Սիրիայում Բաշար Ասադի ու նրա թիմի հետ անհնար է ապահովել սահմանների պաշտպանություն։ Այդ կարծիքին են մեր դաշնակիցները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և մյուս երկրները։
Ողջ տարածաշրջանը պետք է մաքրել արմատական տարրերից, և Թուրքիան համագործակցում է շատ երկրների հետ՝ թույլ չտալու համար ահաբեկչական խմբավորումների օտարազգի զինյալների մուտքը տարածաշրջան»։
Չավուշօղլուն կրկին հայտարարել է, որ իրենք ցանկանում են անվտանգության գոտի ձևավորել Սիրիայում, ինչն օգտակար կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայի համար։










































