ԱՄՆ բյուջեի ճեղքվածքը հասել է 16 տրլն դոլարի, ինչը շատ-շատ է և գերազանցում է տարեկան ՀՆԱ-ն: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Գրիգոր Աղաջանյանը, շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ը դիմի պահուստները բացելու քայլին, սակայն կարևոր է թե որ պահուստները կբացեն՝ ոսկո՞ւ, թե՞ այլ:
Ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանի վրա ԱՄՆ-ի պահուստների բացումն առանձնապես ազդեցություն չի ունենա: Գ. Աղաջանյանի խոսքերով՝ ներկայում դրամի արժեզրկումը կապված չէ ԱՄՆ բյուջետային խնդիրների և դոլարի կայունության հետ, այլ դա դրամի խնդիրն է:
«Մեր երկրի տնտեսությունը փոքր է, և ԱՄՆ-ի պահուստները բացելը մեծ ազդեցություն չի ունենա մեզ վրա: ԱՄՆ-ը մրցում է Չինաստանի և մյուս մեծ տերությունների հետ»,- ասաց Գ. Աղաջանյանը:
Նա դժվարացավ կանխատեսել, թե ԱՄՆ-ի պահուստների բացելը ինչպես կանդրադառնա նավթի միջազգային գների վրա: Գ. Աղաջանյանի գնահատականով՝ նավթի գները կախված են առաջարկից, թե ՕՊԵԿ երկրները որքան կարտահանեն։ Դրա վրա ազդում է նաև Իրանի էմբարգոն, Սիրիայի և Եգիպտոսի վիճակը:










































