Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Աննա Բրասերը երեկ դատապարտել է Ադրբեջանում Յունուս ամուսինների նկատմամբ կայացված դատավճիռը:
«Ինձ ապշեցրել ու վրդովեցրել է Լեյլա ու Արիֆ Յունուսների նկատմամբ կայացված դատավճիռը, որով նրանք դատապարտվել են 8.5 և 7 տարվա ազատազրկման։ Եվրոպայի Խորհուրդը քանիցս իշխանություններին կոչ է արել, որ դադարեցնեն քաղաքացիական հասարակության վրա չտեսնված ճնշումը, այդ թվում նաև՝ իրավապաշտպանների ու անկախ ԶԼՄ-ների նկատմամբ բռնություններն ու դատական հետապնդումները, և կոչ է արել լուծել երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները։ Չնայած այդ կոչերին՝ իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վատթարացել է։
Այդ ամենը կասկածի տակ է դնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Եվրոպայի Խորհրդի հիմնարար արժեքները հարգելու պատրաստակամությունը։ Այսօրվա (երեկվա) որոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում լուրջ ու համակարգային խնդիրների առկայության ևս մեկ ապացույց է։
ԵԽԽՎ-ն 2015 թվականի հունիսին ընդունած իր բանաձևում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնություններն իրավապաշտպանների, ԶԼՄ-ների ու նրանց դեմ, ովքեր քննադատում են կառավարությանը, և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել լրագրողների ու քննադատների նկատմամբ հաշվեհարդարը։
Այսօրվա (երեկվա) որոշումը ցույց է տալիս, որ Բաքուն անտեսել է այդ կոչերը։ Այդ պատճառով էլ ես ևս մեկ անգամ իշխանություններին կոչ եմ արել վերանայել սեփական մոտեցումը մարդու իրավունքների նկատմամբ՝ համաձայն ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը։











































