ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսում կիրառել են նռնակներ, որոնք լցոնված են եղել թունավոր նյութերով։ Նռնակները կիրառվել են փեշմերգայի (քրդական ռազմականացված միավորումներ) մարտիկների դեմ։ Այս մասին հայտնում է Bild-online առցանց պարբերականը։ Այն հղում է անում բունդեսվերի (Գերմանիայի ԶՈւ) գաղտնի զեկույցին։
Մախմուր քաղաքի վրա հարձակման ընթացքում ենթադրաբար քլոր է կիրառվել։ Պարբերականը նշում է, որ այնտեղից ընդամենը 60 կմ հյուսիս-արևելք՝ Էրբիլում, գտնվում են 88 գերմանացի զինծառայողներ, որոնք զբաղվում են քրդերի ուսուցմամբ։
Միևնույն ժամանակ բունդեսվերի հրամանատարությունը դեռևս սպառնալիք չի տեսնում իր զինվորականների համար։ «Բունդեսվերի զինվորների համար վտանգ այս դեպքում չի եղել»,- մեջբերում է թերթը ՊՆ ներկայացուցչի խոսքերը՝ հաստատելով ԴԱԻՇ-ի կողմից քիմիական զենքի կիրառման փաստը։
Չհաստատված տվյալներով՝ հարձակման արդյունքում վիրավորվել է մոտ 60 քուրդ մարտիկ։









































