Դիսնեյլենդ զվարճանքների կենտրոնում, որը պատկանում է ամերիկյան հայտնի Walt Disney կինոստուդիային, կարգելվի 14 տարեկանից փոքր երեխաների մուտքը առանց մեծահասակների ուղեկցության՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ընկերության ներկայացուցիչ Սյուզի Բրայանին:
Նրա խոսքով՝ արգելքը ուժի մեջ կմտնի մարտի 23-ից, սակայն առայժմ կգործի միայն ամերիկյան Դիսնեյլենդում: Հետագայում արգելքը կտարածվի նաև արտասահմանում:
Ավելի վաղ Դիսնեյլենդ մուտք գործելու համար չի գործել երեխաների տարիքային սահմանափակում:
Զվարճանքների Դիսնեյլենդ առաջին թեմատիկ այգին, որը վերստեղծել էր մուլտֆիլմերի ու հեքիաթների աշխարհը, բացվել է 1955թ. հուլիսի 17-ին՝ Կալիֆոռնիա նահանգում: 1971թ. նմանատիպ այգի էր բացվել Ֆլորիդա նահանգում:
ԱՄՆ-ի սահմաններից դուրս առաջին Դիսնեյլենդը բացվել է Տոկիոյում՝ 1983թ.:











































