Գյումրիի դեպքից հետո շատերն էին հարց տալիս՝ մի՞թե Ռուսաստանը չէր հասկանում, որ Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունն աշխատում են իր իսկ դեմ: Ըստ որում` այդ հարցերը հնչում էին, իհարկե, ավելի վաղ, Ռուսաստանի հայաստանյան և կովկասյան քաղաքականության այլ դրվագների և մարտավարական ու ռազմավարական մոտեցումների առիթով:
Եվ հարցը իսկապես տրամաբանական է թվում՝ ինչպե՞ս կարող են ռուսները չհասկանալ, որ անում են քայլեր, որոնք Հայաստանում ավելի ու ավելի շատ թվով մարդկանց են տրամադրում ռուսաստանյան պետական քաղաքականության դեմ, ձևավորում այդ քաղաքականության դեմ հանդես եկող հասարակական նորանոր տրամադրություններ: Եվ այս տեսանկյունից հիրավի արդարացի է պնդումը, ի հեճուկս Հայաստանում ռուսահպատակության պնդումների, թե Արևմուտքը հակառուսականություն է փորձում տարածել կամ ներդնել, որ հակառուսականության առաջին ներդրողը և գրեթե միակ ներդրողը հանդիսանում է հենց Ռուսաստանի պետական քաղաքականությունը, որը բացարձակապես չի հաշվի առնում Հայաստանի և հայության ոչ պետական շահերը, ոչ զգացումները, արժանապատվությունը, պատիվը, ոչ այլ բարոյա-քաղաքական ասպեկտներ:
Հարցադրումը տրամաբանական է, բնական, սակայն միաժամանակ անբնական կլինի կարծել, որ Ռուսաստանը չի գիտակցում, թե ինչ է անում: Եթե անգամ չէր գիտակցում սկզբնական ժամանակաշրջանում, ապա հետագայում գոնե այդ գիտակցումը պետք է գար` տեսնելով իր քաղաքականության ակնհայտ ձախողումները Հայաստանի մասով, Հայաստանի հասարակության վերաբերմունքի մասով: Չէ՞ որ ռուսական այս քաղաքականությունը նոր չէ, այլ զարգանում է տարիներ շարունակ: Առավել ևս, որ այս կապակցությամբ հնչել են բազմաթիվ հիմնավոր ահազանգեր, ինչին ռուսական կողմը ուշադրություն դարձնելու փոխարեն, հակադրել է պարզունակ նենգափոխումներով լեցուն չփաստարկված և չհիմնավորված հակաքարոզչություն ընդամենը:
Ուրեմն` կա՛մ Ռուսաստանի իշխանությունները և նրանց խորհրդատուները քաղաքականապես անմեղսունակ են և ի զորու չեն պատկերացնել տվյալ քաղաքականության և մարտավարական ու ռազմավարական մոտեցումների սնանկությունը, անարդյունավետությունն ու վտանգավորությունը՝ բումերանգի էֆեկտի տեսքով, կա՛մ էլ Ռուսաստանի իշխանություններն ամեն ինչ շատ լավ գիտակցում են, և Հայաստանի հասարակական շրջանակներն է, որ թյուր պատկերացումներ ունեն Ռուսաստանի իրական նպատակների և խնդիրների մասին:
Ու երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի մասով անարդյունավետ է, ապա նախ պետք է հասկանանք, իսկ ի՞նչ արդյունք է ակնկալում Ռուսաստանի իշխանությունն ինքը, որ մենք էլ դատենք, թե արդյոք ինչպիսին է արդյունավետությունը: Ահա այս տեսանկյունից, մեզ երևի թե միայն թվում է, թե Ռուսաստանը չի հասկանում իր արածի վտանգավորությունը: Իրականում Ռուսաստանը Հայաստանի մասով ունի շատ ավելի պարզ նպատակներ և լիովին հասել է այդ նպատակներին: Ռուսաստանին Հայաստանը պետք է որպես լիակատար վերահսկելի տարածք, որը իր կովկասյան և ընդհանրապես տարածաշրջանային լայն քաղաքականության, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, Արևմուտքի հետ խնդիրների պարզաբանման հարցում չի առաջացնի որևէ մի խոչընդոտ:
Քանի որ Մոսկվան շատ լավ գիտե իր ռազմավարական խնդիրները, ի տարբերություն շատ հայերի, հայաստանցիների` հստակ պատկերացնում է, որ այդ խնդիրները որևէ ընդհանուր եզր չունեն Հայաստանի շահի հետ, փոխարենը մի շարք կարևոր և առանցքային հարցերում հակասում են Հայաստանի շահերին և անվտանգությանը: Դիցուք` ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Դրանք ամենացցունն են, մինչդեռ կան այլ օրինակներ ևս, որոնք վկայում են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական տնտեսական ու քաղաքական շահերի հակասությունների մասին: Հայաստանը Ռուսաստանի համար այլևս խնդիր չէ, այդ պատճառով էլ Մոսկվային հետաքրքիր չէ, թե ինչ են այստեղ մտածում իր մասին, իր քաղաքականության մասին, իր գործողությունների մասին:
Մոսկվան դրել է անհրաժեշտ արգելափակոցները՝ ուժային և քաղաքական, տնտեսականն էլ ձևավորել էր տարիների ընթացքում` «Գույք պարտքի դիմաց» սկզբունքով: Հայաստանում ռուսաֆիկացված է քաղաքական դոմինանտ դաշտը, որտեղ իշխանություններն ու չիշխանությունները երկուստեք լուռ համագործակցությամբ հասարակությանը պահում են «ոչ հակառուսական» գծի մեջ: Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում ստացել է զինված միջամտության լիազորություններ, ու քանի որ ստեղծել է քաղաքական «հայցի» պարարտ հողը, ապա ուժային միջամտության խնդիրն էլ դարձրել է ըստ էության տեխնիկայի հարց: Մնացյալն արդեն Կրեմլին բացարձակապես չի հուզում և այլևս միանգամայն իզուր են փորձերը համոզելու Մոսկվային, թե հայաստանյան գործողությունները կործանարար են իր համար:
Ռուսաստանն այսօր հայտնվել է վճռական սահմանագծում՝ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն ու նավթի գների անկումը դրել են իրավիճակի կամ-կամ-ի առաջ: Մոսկվան սնանկանում է տնտեսապես: Տեխնոլոգիապես սնանկացել է վաղուց կամ սնանկ է եղել միշտ, հետևաբար նա Հայաստանում մարտավարություն փոխելու այլ ռեսուրսներ ըստ էության չունի: Քամելու է արդեն եղածը մինչև վերջ, մինչև այնքան, որքան կարող է դիմանալ: Մնում է հարցը, թե ինչքան կդիմանա Հայաստանը:










































