Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Թուրքիան ունենար նորմալ նախագահ, ապա խաղաղություն կլիներ։
Դեմիրթաշն ընդգծել է, որ ամենաշատն իրենք են ցանկանում խաղաղություն և զարմանք է հայտնել, որ առաջնորդը կարող է հրաժարվել խաղաղությունից։ Դեմիրթաշը հավելել է, որ իրենք երբեք կողմ չեն եղել բռնություններին, զենքի միջոցով հարց լուծելուն։ Նա հիշեցրել է, որ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախկինում PKK-ի զինյալներին կոչ է արել վայր դնել զենքը, և հայտնի է, թե ինչ եղավ հետո.
«Երկրի ու հասարակության ապագայի համար խաղաղությանը պետք է ձգտել ոչ թե վաղը կամ մեկ շաբաթ հետո, այլ դա պետք է ցանկանալ հենց այսօր։ Մենք հավատում ենք բազմակարծ ժողովրդավարությանը»։ Դեմիրթաշն ընդգծել է, որ ԴԿ-ը ողջ Թուրքիայի մասշտաբով կուսակցություն է, որը ցանկանում է խաղաղություն ու եղբայրություն։











































