Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանում այս պահին շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության մեղադրանքով դատական առաջին նիստը: Վկաների հարցաքննությունը ավարտվել է, մեղադրող դատախազը ներկայացրել է գործով բոլոր ապացույցները, և այս պահին կողմերը հեռացել են ճառը պատրաստելու:
Նշենք, որ ի սկզբանե միտում կար գործն արագ ավարտելու, որովհետև թե պաշտպանը, թե դատավորը նշում էին, որ կարիք չկա հնչեցնել բոլոր ապացույցները, դա ընդամենը ժամանակի կորուստ է: Ակնկալվում է, որ մոտ մեկ ժամ անց կողմերը կհնչեցնեն ճառերը, այնուհետև դատավորը կհնչեցնի Պերմյակովի գործով վճիռը:
Նշենք, որ ռուսական կողմը Պերմյակովին մեղադրում է երեք հոդվածներով՝ դասալքություն, զենքի ապօրինի կրում և օգտագործում: Պերմյակովն իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները ընդունեց: Այն բանից հետո, երբ ռուսական դատարանը հնչեցնի Պերմյակովի գործով վճիռը, ՀՀ դատարանը Պերմյակովին կդատի Ավետիսյանների սպանության գործով՝ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով:
Դատարանի դահլիճում են Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանի քույրը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդներ Լուսինե Սահակյանը, Երեմ Սարգսյանը:











































