«Բանակցությունները ես չեմ համարում ձախողված: Մենք դեմ չենք եղել արտահերթ նիստ գումարելուն, մենք ուղղակի առաջարկել ենք նախագծերից մեկի մեջ փոփոխություն անել»,- այսօր Աժ հերթական քառօրյա նիստերի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցադրմանը, թե ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ՝ քաղաքական ներկա իրավիճակը քննարկելու համար:
Նա հայտարարեց, թե հիմա էլ է պատրաստ արտահերթ նիստ հրավիրել, և կրկին հորդորեց բոլոր ֆրակցիաներին, քաղաքական ուժերին՝ հավաքվել, ևս մեկ անգամ քննարկել:
«Դուք նախաձեռնում եք արտահերթ նիստ, դուք պարտավոր եք ներկայացնել նախագիծ: Ձեր հայտարարած հնարավոր արտահերթ նիստի հրավիրման համար, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, Դուք ինքներդ պետք է ներկայացնեք նախագիծ: Մենք այլևս բանակցություներին չենք մասնակցում»,- հակադարձեց Ռ.Հակոբյանը՝ հավելելով, թե այսօր խորհրդարանը պետք է ժողովրդին ապացուցի, որ ինքն ընտրված մարմին է, և անձամբ պատասխանատվություն է կրում՝ ԱԺ ամբիոնը թաքցնելու համար:
Հ.Աբրահամյանն իր հերթին նշեց, թե Ռ.Հակոբյանը խոսում է ԱԺ ինստիտուտը լուծարելու մասին ու, միաժամանակ, խոսում է ԱԺ հեղինակության մասին. «Ես հարմար չեմ գտնում այդ հարցը քննարկել»:









































