1998 և 2003թթ. կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի ձևավորած կառավարություններում ԱԳ նախարարի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Վարդան Օսկանյանը խոսել է սահմանադրական փոփոխությունների, ազատ ընտրությունների, մարդու իրավունքների և ընդհանրապես ժողովրդավարության մասին: Օսկանյանը ներկայացրել է 10 պատճառ, թե ինչու պետք է «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:
Օսկանյանն ասում է. «Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա»: Կարելի է կարծել՝ 2003թ. կամ 2005թ., երբ Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնել էր սահմանադրական փոփոխությունների գործընթաց, երկիրը տառապում էր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից կամ քաղաքական պահանջից: Օսկանյանն ասում է, որ այն ժամանակ Սահմանադրությունը փոխվեց, քանի որ այն պետք է համապատասխանեցվեր Եվրոպայի խորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Օսկանյանին պետք է խորհուրդ տրվի, որ կարդա Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կազմած վերջին եզրակացությունը, որի նախաբանում ասվում է, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ իր կողմից ներկայացված որոշ առաջարկներ չներառվեցին 2005թ. Սահմանադրության նախագծում:
Օսկանյանը խոսում է, որ այդ փոփոխություններով լուծվեց երկքաղաքացիության հարցը, և իրեն հարց չի տալիս, թե քանի մարդ է անցած 10 տարիների ընթացքում երկքաղաքացի դարձել, և արժե՞ր ընդհանրապես նման նորմ ընդունել և ցույց տալ, որ սփյուռքահայերը արհամարհած ունեն այդ նորմն էլ, ՀՀ քաղաքացի լինելու իրավունքն էլ: ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերի թիվն այնքան փոքր է, որ իշխանություններն ամաչում են այն հրապարակել:
Օսկանյանն ասում է, որ այդ փոփոխություններով նվազեցվեցին հանրապետության նախագահի բացարձակ լիազորությունները, որոնք իբրև թե անցան խորհրդարանին և կառավարությանը: Տեսականորեն, այո, նման բան տեղի ունեցավ, բայց իրականում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ամբողջ շրջանում նա ունեցել է բացարձակ իշխանություն, իսկ խորհրդարանը և կառավարությունը ընդամենը խաղացել են շիրմայի դեր: Պատգամավորները և կառավարության անդամները մշտապես ենթակա են եղել Քոչարյանի անձնական ճնշմանը և ահաբեկմանը, և Օսկանյանը դրա մասին չէր կարող չիմանալ: Նրա հիշողությունը թարմացնելու համար ընդամենը հիշեցնենք մի դեպք:
2006թ. սահմանադրական փոփոխություններից հետո Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի արտասահմանյան մամուլում արտահայտած մի միտք, և նա հրահանգեց ոչնչացնել խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժին: Նախագահական նստավայր կանչվեցին ՕԵԿ տասնյակ պատգամավորներ, և Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, դարձյալ Օսկանյանի նման մեր օրերում ժողովրդավարության մեծ սիրահար դարձած Արմեն Գևորգյանից հրահանգ ստացան ՕԵԿ-ից դուրս գալու դիմումներ գրել, ինչը նրանք պարտավորված էին կատարել: Խորհրդարանի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում ներկայացրեց նաև Արթուր Բաղդասարյանը, ինչը Օսկանյանի բառերի ուղիղ վկայությունն է՝ թե որքան լիազորություն էր նախագահից փոխանցվել խորհրդարանին:
Օսկանյանը գրում է, որ այսօրվա քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխության համար: Չկա բավարար համախմբում այդ գաղափարի շուրջ: Օսկանյանին պետք է հիշեցնենք, թե ինչ պայմաններում տեղի ունեցավ իր կողմից գովերգվող 2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: 2004թ. քոչարյանական իշխանությունը, որին մաս էր կազմում նաև Օսկանյանը կազմակերպեց խաղաղ ցուցարարների գիշերային շուրջկալ և հաշվեհարդար: Ծեծի ենթարկվեցին հարյուրավոր կանայք և անչափահասներ, նրանց մի մասը դարձավ հաշմանդամ և գերադասեց փախչել Հայաստանից ու քաղաքական ապաստան ստանալ Եվրոպայում: Բոլոր երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ ՀԺԿ, «Ազգային միաբանություն» և «Հանրապետություն», գրասենյակները ենթարկվեցին հարձակման, ոչնչացվեց գույքը, իսկ աշխատակիցները դարձան ոստիկանական վայրագությունների զոհը: Եվ միայն քաղաքական դաշտը վերջնականապես ավերելուց հետո Քոչարյանը և Օսկանյանը գնացին հանրաքվեի, չնայած այդ դեպքում հանրությունը կողմ չքվեարկեց այդ փոփոխություններին, ուղղակի հանձնաժողովները գրեցին այն թվերը, որոնք իջեցված էին նախագահական նստավայրից:
Օսկանյանը գրում է, թե սահմանադրական փոփոխությունների գլխավոր նախաձեռնողը իշխող քաղաքական ուժն է, որը օրինակարգության՝ լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունի, ինչը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա: Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարության առանցքային նախարարներից է եղել Վարդան Օսկանյանը, երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրությունների և երկու անգամ էլ նախագահ է հռչակվել խայտառակ կեղծված ընտրությունների արդյունքում: Օսկանյանի հիշողությունը թարմացնելու համար ասենք, որ առաջին անգամ Քոչարյանի մրցակիցը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած Կարեն Դեմիրճյանն էր, ով Հայաստանում առնվազն 90-տոկոսանոց վարկանիշ ուներ, և չնայած դրան՝ Ռոբերտ Քոչարյանը հաղթող ճանաչվեց, իսկ երկրորդ անգամ Քոչարյանը ընտրությունները կեղծեց ընդդեմ Ստեփան Դեմիրճյանի, և այդ կեղծիքի դեմ դուրս եկած քաղաքացիների քանակը այքան շատ էր, որ այն ձգվում էր Մատենադարանից մինչև Օպերա: Օսկանյանը այդ ժամանակ ընտրակեղծարարների բանակում էր և իր ունեցած պաշտոնը վայելում էր բացարձակապես այդ կեղծիքների արդյունքում:
Օսկանյանն ասում է, որ այս փոփոխությունների նպատակը մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար է: Նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանը նման փոփոխությունների է գնում իր իշխանությունը պահելու համար: 2005թ. սահմանադրական փոփոխությունները ևս նախաձեռնվեցին մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Քոչարյանը 2005թ. նոյեմբերի 25-ի գիշերը ընդհանրապես չքնեց՝ սպասելով մինչև ԿԸՀ-ն կհրապարակի սահմանադրական փոփոխությունների արդյունքները: Քոչարյանը հույս ուներ, որ փոքրացնելով նախագահի լիազորությունները և մեծացնելով վարչապետինը, ինքը հնարավորություն կունենա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը, և դարձյալ ունենալ անսահմանափակ իշխանություն: Պատահական չէ, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումից անմիջապես հետո Քոչարյանը ձեռնամուխ եղավ ԲՀԿ-ի ստեղծմանը, որպես իր քաղաքական հենարան և որպես ՀՀԿ-ի հակակշիռ: Իսկ թե ինչու ներիշխանական պայքարում Քոչարյանը պարտվեց Սերժ Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն այդպես էլ չդարձավ ՀՀԿ-ին իրական այլընտրանք, թող քննարկեն պատմաբանները և քաղաքագետները:
Իհարկե, ժողովրդավարությունը լավ բան է, և պայքարը մարդու իրավունքների համար վեհանձն գործ է, բայց արդյո՞ք Օսկանյանն այն մարդն է, ով բարոյական իրավունք ունի խոսելու այդ արժեքներից, դրանով վարկաբեկելով դրանք: Դա նույնն է, որ գողության համար երկու ձեռքը կտրված մեկը խոսի ջեբկիրության անընդունելիությունից և դատապարտի գողություն երևույթն ընդհանրապես: Օսկանյանը հիմա էլ մեծ հաճույքով պատրաստ կլինի իշխանության գալ մարդկանց արյան և կյանքերի վրայով, բայց պարապ ժամանակ նա պատրաստ է ժողովրդավարության թեմայով դասեր տալ հասարակությանը, ում մասին մտածում է որպես հիշողությունից և բանականությունից զուրկ ոչխարի հոտի:







































