Մարտի 17-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնում մի քանի հազար մարդ մասնակցել է վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ կազմակերպված բողոքի ակցիային՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Ակցիան նախատեսվում էր անցկացնել մարտի 15-ին, սակայն հետաձգվել էր ուժեղ ձնաբքի պատճառով: Բողոքի ակցիայի կազմակերպիչը 2011թ. սկիզբ առած Milla շարժումն է:
AFP-ի տվյալներով` մարտի 17-ին փողոց է դուրս եկել շուրջ 4000 մարդ, իսկ Reuters գործակալության գնահատմամբ` շուրջ 3000: Նշենք, որ 2012թ. վիճակագրության համաձայն` Բուդապեշտի բնակչությունը կազմում է շուրջ 1.7 միլիոն մարդ:
Վիկտոր Օրբանը «Ֆիդես» իշխող կուսակցության առաջնորդն է, որի նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել երկրի Հիմնական օրենքում: Սահմանադրության՝ թվով չորրորդ վերջին փոփոխությունները խորհրդարանի կողմից հաստատվել են մարտի 12-ին: Դրանք, մասնավորապես, ենթադրում են Սահմանադրական դատարանի լիազորությունների կրճատում: Ըստ փոփոխությունների՝ կրճատվում են նաև ուսանողների կրթաթոշակները:
Սահմանադրական փոփոխությունները քննադատության են ենթարկվել նաև Հունգարիայի ընդդիմության կողմից: Դրանց դեմ են արտահայտվել նաև Եվրամիության, ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մարդու իրավունքները պաշտպանող Եվրոպայի խորհուրդը: Օրբանն իր հերթին Եվրամիությանը մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:








































