Ֆրանսիայի իշխանություններն Իսպանիային են վերադարձրել Պաբլո Պիկասոյի նկարը, որն ապօրինաբար դուրս է տարվել թագավորությունից, այն առգրավել են ֆրանսիացի մաքսայինները Կորսիկայում: Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ հայտնի նկարչի աշխատանքը հատուկ ինքնաթիռով Բաստիայից տեղափոխվել է Իբերիական թերակղզի: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նպատակակետը չի հաղորդվում:
«Անվտանգությունն ապահովում են Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները»,- հայտնել է գործի հետաքննությանը մոտ աղբյուրը:
25 մլն եվրո գնահատվող «Երիտասարդ կնոջ դիմանկարը» հայտնաբերվել է նավի վրա, որի կապիտանը պնդել է, որ նկարը տիրոջ համաձայնությամբ տանում է Իսպանիայից Շվեյցարիա: Սակայն նա չի կարողացել ներկայացնել փոխադրման պաշտոնական թույլտվություն: Ավելին՝ նկարին կից փաստաթղթերում մաքսայինները հայտնաբերել են իսպանական դատարանի որոշումը, որն արգելում է նկարը դուրս տանել երկրից:
Նկարը պատկանում է իսպանացի բանկիր Խայմե Բոտենին, սակայն Իսպանիայի իշխանություններն այն համարում են ազգային սեփականություն:












































