Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Չինաստանը կրկին աշխարհում սովորական սպառազինությունների հիմնական տեսակների խոշոր արտահանողների հնգյակում է՝ ցուցակում զբաղեցնելով 5-րդ տեղը և դուրս մղելով Մեծ Բրիտանիային: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի՝ այսօր հրապարակված զեկույցում:
Զեկույցում ներառված են տվյալներ 2008-2012 թվականների ընթացքում իրականացված ռազմական տրանսֆերների մասին:
Վերջին 20 տարում առաջին անգամ փոփոխություն է տեղի ունեցել առաջատարների հնգյակում: Ըստ այդմ՝ 1950 թվականից հետո առաջին անգամ Մեծ Բրիտանիան հնգյակում չէ:
Զենքի խոշորագույն մատակարարների հնգյակը, ինչպես նախկինում, գլխավորում է ԱՄՆ-ը (30%), այնուհետև նրան հաջորդում են Ռուսաստանը (26%), Գերմանիան (7%), Ֆրանսիան (6%): Հնգյակը եզրափակում է Չինաստանը՝ (5%):
Չինաստանի դիրքերի բարելավումը առաջին հերթին պայմանավորված է Պակիստանի կողմից զենքի խոշոր գնմամբ:
Ընդհանուր առմամբ, սովորական սպառազինության հիմնական տեսակների գլոբալ ներկրման 47 տոկոսը 2008-2012 թվականներին բաժին է ընկել Ասիային և Օվկիանիային:
Զենքի խոշոր ներկրողների հնգյակը ունի հետևյալ տեսքը՝ Հնդկաստան (համաշխարհային ներկրման 12%), Չինաստան (6%),Պակիստան (5%), Հարավային Կորեա (5%) և Սինգապուր (4%):
Ուսումնասիրելով սպառազինության շուկան Եվրոպայում՝ փորձագետները նկատել են, որ 2003-2012թթ. զենքի մատակարարումները եվրոպական երկրներ ընկել են 20 տոկոսով: Անցած տարի ԱՄՆ-ից F- 35 մարտական օդանավերի պատվերները նվազեցրել են Իտալիան և Նիդերլանդները:
Համաձայն ինստիտուտի տվյալների՝ ընդհանուր առմամբ սպառազինության հիմնական տեսակների միջազգային մատակարարումների ծավալը 2008-2012թթ. աճել է 17 տոկոսով՝ նախորդ հնգամյակի համեմատ:









































