Չինաստանում թողարկել են թեյի գովազդ, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գրկախառնված են: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Ծայրահեղ լարված հարաբերություններ ունեցող երկրների ղեկավարների պատկերով պաստառի վրա գրած է. «Խմելով (ապրանքի անունը)՝ մարդիկ ամբողջ աշխարհում միավորվում են»:
Այս հարցով պաշտոնական հայտարարություն Վաշինգտոնից կամ Փխենյանից առայժմ չի եղել:
Հայտնի չէ նաև՝ արդյոք գովազդատուները թույլտվություն հարցրե՞լ են Օբամայի և Կիմ Չեն Ինի կերպարներն օգտագործելու համար: Չինական օրենքով՝ նման թույլտվությունն անհրաժեշտ է:
ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ չունեն, դրանք խզվել են 1950թ.: Երկու երկրների կապերի նորմալացման խոչընդոտներից մեկը միջուկային ծրագիր զարգացնելու Փխենյանի ձգտումն է: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը մի քանի այլ պետությունների հետ Հյուսիսային Կորեային պարբերաբար մեղադրում է մարդու իրավունքների խախտման մեջ: Փխենյանը Վաշինգտոնին պատասխանում է ռազմատենչ հռետորաբանությամբ՝ Ամերիկան անվանելով «չարի համաշխարհային ուժերի» առաջնորդ:











































