Մասնագետները նախազգուշացնում են, որ առաջիկա տարում Իսրայելում կարող է սուդանցի ներգաղթյալների նոր ալիք բռնկվել, որոնք կժամանեն ծովով: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ միայն այս տարվա սկզբից ձերբակալվել է ավելի քան 650 սուդանցի փախստական, որոնք փորձել են ապօրինի լքել Եգիպտոսը:
Իսրայելի ներգաղթի քաղաքականության կենտրոնը կոչ է անում երկրում հստակ էմիգրացիոն օրենսդրություն սահմանել՝ պատրաստ լինելու համար փախստականների նոր ալիքին: Կենտրոնի ղեկավար Յոնաթանա Յակուբովիչի խոսքով՝ «Վերջերս հայտնվել է նոր երթուղի՝ Եգիպտոսից ծովով դեպի Իսրայել: Ավելի հեշտ է լողալ մինչև Իսրայել, քան մինչև մոտակա եվրոպական երկիր»:
Դարֆուրում և այլ նահանգներում քաղաքացիական պատերազմից փախչող սուդանցիները մինչև 2011թ. ավելի լավ կյանքի որոնումներով մեկնել են Լիբիա: Այժմ նրանք այնտեղից փախչում են Եգիպտոս:
Եգիպտոսը սկզբում խոստացել է սուդանցիների համար «վերաբնակեցման» ծրագիր մշակել և նրանց որոշակի օրինական կարգավիճակ տալ: Հայտերն ընդունված են, բայց իրականում ոչ մի փոփոխություն չկա: Առայժմ այդ խոստումներից ոչ մեկը չի կատարվել, և սուդանցիները ստիպված են ելք փնտրել ստեղծված իրավիճակից:
Եգիպտոսը ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ կանխելու իր տարածքից արտագաղթը: Ալեքսանդրիայից մինչև եվրոպական մերձափնյա տարածք մաքսանենգների կողմից մեկ արտագաղթողի տեղափոխումը կարող է կազմել 1500-2500 դոլար:









































