Երեկ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչները, ովքեր մոտ մեկ ամիս առաջ հոսանքի ուժեղ տատանման պատճառով մեծ վնասներ էին կրել, եկել էին ՀԷՑ՝ իրենց բողոքն արտահայտելու։
Բնակիչներն ահազանգել էին, որ շարքից դուրս է եկել իրենց ողջ տեխնիկան՝ հեռուստացույցից մինչև ջեռուցման համակարգեր։ Ու թեև ՀԷՑ-ի Մասիսի մասնաճյուղում պատասխանել էին, որ մի քանի օրվա ընթացքում կամ կփոխհատուցեն, կամ էլ կվերանորոգեն տեխնիկան, բայց 30 տներից միայն 7 տան տեխնիկան են վերանորոգել: Ի դեպ, շուրջ 30 ընտանիք էր տուժել հոսանքի տատանումից։
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ըստ օրենքի՝ ՀԷՑ-ը պարտավոր է վերանորոգել սարքավորումները. «Մարդկանց փչացած սարքերը վերանորոգվում են ՀԷՑ-ի արհեստանոցում, իհարկե՝ քաղաքացիները այսպիսի խոշոր մասշտաբով երբեք չի եղել, որ չեն տուժել, բայց լինելու դեպքում իրենք վերանորոգում են»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ վերջերս հիմնականում առանձին դեպքեր են եղել, երբ քաղաքացին հոսանքի տատանումից տուժել է։
«Նախ պետք է ապացուցվի, որ տեխնիկան փչացել է հոսանքի տատանումից։ Իսկ այս դեպքում ակնհայտ է, որ հոսանքի տատանումն է եղել պատճառը, որ միաժամանակ այդքան մարդ է տուժել, հետո ամեն մեկի էլեկտրական սարքը իրենք պետք է վերցնեն տանեն արհեստանոց՝ սարքեն բերեն։ Իսկ գումարային փոխհատուցում է տրվում այն ժամանակ, երբ փչացած տեխնիկան հնարավոր չի լինում վերանորոգել։ Բացի այդ, եթե դու վնաս ես կրել, որ ենթադրենք՝ բացի սառնարանից, մեջը թանկարժեք բան է եղել, որ փչացել է, սա արդեն բանակցությունների և դատարանի հարց է։ Եթե մեկն առողջության կորուստ է ունեցել և այլն, սրանք առանձին խնդիրներ են, որոնք լուծվում են առանձին բանակցություններով կամ դատարանով»,- ասաց Արմեն Պողոսյանը։
Ի դեպ, բնակիչներին զայրացրել էր ՀԷՑ-ի Մասիսի մասնաճյուղի աշխատակիցների վերաբերմունքը. նրանց ասել էին՝ որտեղ ուզում եք գնացեք դիմեք, այս պահին չենք կարող ոչինչ անել: Արմեն Պողոսյանի խոսքով՝ բնակիչները ճիշտ են անում, որ որոշել են դատարան դիմել, «Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ն էլ նրանց կօգնի։
Բացի այդ, ՀԷՑ-ում պետք է սովորեցնեն վարվեցողության կանոններ՝ ինչպես հարաբերվել մարդկանց հետ։ «Չի կարելի այդպես խոսել մարդկանց հետ, թե ուր ուզում ես՝ գնա։ Այդպես խոսում են փողոցում։ Աշխատավայրում կամ գրասենյակում այդպես չեն խոսում»,- ասաց նա։
ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ստացել են բնակիչների դիմումը, որտեղ նշված է, որ վնասը մասամբ փոխհատուցվել է։ «Մաքսիմում մինչև շաբաթվա վերջ խնդրին լուծում կտանք»,- ասաց Նատալյա Սարջանյանը։







































