Ինչպես հայտնի է, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն առաջարկել էր Ազգային ժողովում ստեղծել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով:
ՀԱԿ-ը, թերևս, հանձնաժողովում իր գործունեության հիմնական հղումն անելու է 2008 թվականի Մարտի 1-ից հետո ստեղծված Փաստահավաք խմբի զեկույցներին:
Նշենք, որ նախկին Փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանն իրենց համատեղ զեկույցներից մեկում անդրադարձել էին Մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական տարրերից կազմված զինված խմբավորումներ ստեղծելու և նրանց ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության զինված ուժերի հագուստներով հանդերձավորելու հանգամանքին։
Զեկույցում նշվում են մի շարք անուններ, որոնց թվում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մարտի 1-ին զինվորական հագուստներ են հատկացվել Գագիկ Ծառուկյանին` 300 հագուստ և 49 գլխարկ»,- ասվում է զեկույցում:
Ուշագրավ է, սակայն, ԲՀԿ խմբակցության անդամների պահվածքն այս առումով: Օրեր առաջ, երբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի քննարկում էր նախատեսված, այն հետաձգվեց, ինչը հարուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի զայրույթը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն առաջարկել էր նախ քննարկել այլ հարցեր, վերջում անցնել այդ հարցին: Նաիրա Զոհրաբյանն այդ պահին դահլիճից ցուցադրաբար դուրս էր եկել: Դավիթ Հարությունյանն առաջարկել էր սպասել՝ ասելով, որ մնացած հարցերն արագ կքննարկեն: «Դուք դիտավորյալ կձգձգեք»,- դուրս գալիս ասել էր Զոհրաբյանը, սակայն Հարությունյանը նշել էր, որ չեն ձգձգի: «Ես ձեզ լավ գիտեմ»,- եղել էր Ն. Զոհրաբյանի պատասխանը:
«Առաջին լրատվական»-ը հանձնաժողովի ստեղծման և Փաստահավաք խմբի արձանագրած՝ մեր վերը նշած բացահայտումների մասին զրուցեց նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ։ «Ընդհանրապես Ազգային ժողովի գործունեությանը չեմ հետևում։ Ձեզանից նոր իմանում եմ, որ այդպիսի մտադրություն կա, էտապ-էտապ այդպիսի ցանկություն արթնանում է Ազգային ժողովի մոտ, իսկ ես իմ դիրքորոշումը երբեք չեմ փոխում: Իհարկե, ամեն հանձնաժողով կարող է և ունի հնարավորություն մի քայլ առաջ տանել մեր սկսած գործը, սակայն չեմ կարծում, որ այդ միջնորդության պայմաններում նրանք կկարողանան Մարտի 1-ը որպես Մարտի 1՝ իր բոլոր պատճառներով և հիմքերով բացահայտել: Ես գտնում եմ, որ այդ հանձնաժողովի արդյունավետությունը կապված է այսօրվա իշխանությունների տրամադրվածության հետ՝ այնքանով որքանով նրանք տրամադրված կլինեն բացհայտել Մարտի 1-ը, սակայն, հանձնաժողովներով չէ, որ Մարտի 1-ը կբացահայտվի:
Քաղաքական գնահատական տալու առումով՝ գուցե Ազգային ժողովն ավելի շատ անելիք ունի, բայց իրավական հարթության մեջ՝ կա կատեգորիա, որ պետք է սպանությունները բացահայտվեն, պետք է հանցագործները, նրանց պարագլուխները պատժվեն։ Այս տեսնակյունից՝ մեծ անելիք ունեն իրավապահ մարմինները: Ես կարծում եմ, որ սա նրանց գործառույթն է, և այդ գործառույթների շրջանակներում պետք է Մարտի 1-ի բացահայտում կատարվի:
Այսինքն՝ երկու գործընթաց պետք է ընթանա՝ քաղաքական գնահատականը պետք է քաղաքական գործիչները տան, իսկ զուտ իրավական հարցերը պետք է անեն այդ գործառույթներն իրականացնողները: Ավաղ, կարծում եմ, որ չեն անելու, որովհետև դրանով տրամադրված չեն զբաղվել նաև իշխանությունները»:
Անդրադառնալով իրենց չորրորդ զեկույցում Գագիկ Ծառուկյանին և Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նրա հնարավոր մասնակցությանը տեղ գտած փաստարկներին՝ Սեդա Սաֆարյանն ասաց. «Ես չեմ առանձնացնում ոչ մեկին, ինչ-որ գրել էի զեկույցներում՝ այդ կապակցությամբ այն փաստերն են, որոնք արձանագրել էինք, իսկ թե այդ փաստերի կապակցությամբ ինչ է արվել հանձնաժողովում՝ ես չգիտեմ: Ոչ մեկի անունը չեմ անհատականացնի, ցուցակում կան մարդիկ… Ես և Անդրանիկ Քոչարյանը կազմել ենք զեկույց և հաստատել ենք, որ որոշակի օլիգարխների թիկնապահների հետ կապված կասկածահարույց իրավիճակ է եղել: Այդ ցուցակը մեզ տրամադրել է Կոնգրեսը, այդ ցուցակի հիման վրա մենք որևէ փաստ չենք կարողացել ավելացնել, ես չեմ կարող որևէ պարզաբանում տալ մնացածի հետ կապված»։
Մեր այն հացրին, թե նման հանձնաժողով ստեղծելու հետ կապված՝ ԲՀԿ-ի այսօրվա ոգևորությունն ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, չէ՞ որ Փաստահավաք խմբի զեկույցում, ըստ էության, անդրադարձ կա նաև իրենց առաջնորդին և նրա առնչությանը Մարտի 1-ի իրադարձություններին, Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե այդ ինչ շրջադարձ է նրանց կյանքում կատարվել, և եթե անգամ որևէ պիտակ չդնեմ, ապա միևնույն է՝ կարծում եմ, որ այդ մարմինն ի վիճակի չի լինելու օժանդակել Մարտի 1-ի բացահայտմանը, կամ եթե փորձի օժանդակել, բացահայտումներ կլինեն այլ կուսակցությունների կողմից։ Ես այդքանը կարող եմ ասել»:










































