Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոն հանելու հավանականության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նրա կարծիքով` անգլո-ֆրանսիական նախաձեռնությունը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ հետագա գործընթացի վրա:
Էշթոնը նշել է, որ անհրաժեշտ է կշռադատել այդ քայլը: Նա ընդգծել է, որ, բացի իրական վտանգից, որ այդ զենքը կարող է «տարածվել» ամբողջ Մերձավոր Արևելքով, նման քայլը ծայրահեղ կերպով կընդունվի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի կողմից և կխափանի բանակցությունների հնարավորությունը:
«Մենք պետք է համոզված լինենք, թե վերջին հաշվով ինչ ենք անում. չվնասենք ինքներս մեզ և չբարդացնենք աշխատանքը սիրիական ուղղությամբ»,- հավելել է նա:
Սիրիայի հակակառավարական ուժերին զենք մատակարարելու հարցը բարձրացվել է նախօրեին՝ ԵՄ գագաթաժողովի շրջանակներում: Քննարկման ընթացքում Լոնդոնի և Փարիզի նախաձեռնության դեմ կտրուկ կերպով հանդես են եկել Բեռլինը և Վիեննան: Մասնավորապես՝ Ավստրիայի պաշտպանության նախարար Գերալդ Կլյուգը հայտարարել է, որ մտավախություն ունի սիրիացի ընդդիմադիրներին մատակարարվելիք զենքի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Ակնկալվում է, որ այս հարցը կրկին կքննարկվի հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:











































