ՄԱԿ-ի անդամ, այդ թվում՝ պահպանողական կաթոլիկ ու մուսուլմանական երկրները երկար բանակցություններից հետո կարողացել են համաձայնեցնել հռչակագրի ձևակերպումները, որը կոչված է կանանց պաշտպանել բռնություններից, հաղորդում է Associated Press-ը:
Մարտի 15-ին ընդունված փաստաթուղթը կոչ է անում բոլոր երկրներին զերծ մնալ իրենց ավանդույթները, սովորույթներն ու կրոնական սկզբունքները վկայակոչելուց՝ արդարացնելու համար կանանց նկատմամբ բռնությունները:
Ընդ որում՝ հռչակագիրը հաստատում է սեռերի իրավահավասարության սկզբունքը, ինչպես նաև կոչ է անում ՄԱԿ-ի անդամ պետություններին դպրոցներում խթանել սեռական դաստիարակությունը, ստեղծել բռնության զոհերի համար արագ արձագանքման համակարգ ու խստորեն պատժել գենդերային նախապաշարումների հիման վրա կատարված սպանությունների հեղինակներին:
Ի դեպ, փաստաթղթից բացառել են սեքսուալ կողմնորոշմանը վերաբերող կետը:
17 էջանոց հռչակագրին նախորդել էին երկշաբաթյա թեժ քննարկումները: Արդյունքում դրա տակ իրենց ստորագրությունն է դրել կազմակերպության մեջ մտնող բոլոր՝ 193 երկրները:










































