Անցյալ տարի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխություն տեղի ունեցավ, բայց չփոխվեցին Վրաստանի հիմնական խնդիրները, ռազմավարական առաջնային նպատակները, որոնցից մեկն է օկուպացիայից ազատվելը և ՌԴ հետ հարաբերությունները կարգավորելը: Գլխավոր նպատակը, սակայն, այն է, որ ոչ մի բան չպետք է արվի Վրաստանի շահերի ու հետաքրքրությունների հաշվին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն, վրաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Մոսկվան պայմանավորվում է Աբխազիայի հետ դեպի Հայաստան երկաթուղու բացման և այդ հարցում Վրաստանի դիրքորոշման ու զիջումների գնալու անհրաժեշտության ուղղությամբ:
Ռոնդելին հիշեցրեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ աբխազական երկաթուղու բացումը բարդ հարց է և ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարց է: Վրաստանցի քաղաքագետի կարծիքով՝ Վրաստանի վարչապետն այս հարցին մեծ զգուշավորությամբ կմոտենա:
«Ես ևս կարծում եմ, որ երկաթուղու բացումը չափազանց բարդ հարցերի հետ է կապված, ես կասեի համակարգային, կան և քաղաքական գործոններ, և տնտեսական: Երկաթուղու վերագործարկումը դրական կլինի բոլոր կողմերի համար, բայց այս պարագայում դա այնքան էլ պարզ կարգավորվող հարց չէ, որովհետև քաղաքականության հետ է կապված: Նույնիսկ եթե հարցը դրական լուծում ստանա, ժամանակ է հարկավոր, որպեսզի հստակեցվեն դիվանագիտական, սահմանի հետ կապված որոշ հարցեր: Ես չեմ կարծում, թե սա շատ արագ կարող է լուծում ստանալ, չեմ էլ կարծում, որ Վրաստանը պետք է գնա փոխզիջումների, ՌԴ-ն որոշակի զիջումների գնո՞ւմ է»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով, որ Վրաստանի կողմից քայլեր կլինեն հավանաբար այն դեպքում, երբ հստակ լինի Աբխազիայի կարգավիճակի, սահմանների և մաքսային մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Աբխազիայի նախագահների հետ: Խոսակցություններ կան այն մասին, որ Պուտինը երկու նախագահների հետ առանձին-առանձին քննարկել է Աբխազական երկաթուղու բացման հետ կապված մի շարք հարցեր:









































