2012 թ. ապրիլի 16-ին, ժամը 11:00-ի սահմաններում, շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղյալ հայտարարել հաջորդ օրը չորս կարճամետրաժ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումը: Ամբոխը քարեր և ձվեր է շպրտել գրասենյակի ուղղությամբ, ջարդել է գրասենյակի պատուհանները և սպառնացել է անձնակազմին այլ բռնություններ կիրառել, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Խումբը ցրվել է միայն այն բանից հետո, երբ ՀՔԱ ղեկավարությունը խոստացել է չցուցադրել ֆիլմերը:
Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել՝ կազմակերպության կողմից հաղորդման հիման վրա, բայց Վանաձորի ոստիկանության քննչական բաժինը նախաքննության ընթացքում գտել է, որ հանցակազմ չկա, և գործը կարճվել է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնվել է մի կին, որը քարով խփել է կազմակերպության գրասենյակի պատուհանների վրա և կոտրել ապակիները. «Ընդ որում՝ իբր այդ կինը պատահական է իմացել ցույցի մասին, տուն գնալու ճանապարհին քարեր է վերցրել իբր ծաղկամանի համար, բայց քանի որ տեսել է՝ մարդիկ գնում են ցույցի, հիշել է քարերը հանել ու շպրտել կազմակերպության գրասենյակի ապակիների վրա: Նրան ենթարկել են վարչական պատասխանատվության՝ մոտ 40 հազար դրամ տուգանքի»:
Ա. Սաքունցը նշեց, որ նախաքննության ընթացքում ոստիկանությունը մի քանի հարցերի չի անդրադարձել, ինչն էլ մտահոգության տեղիք է տալիս. «Օրինակ՝ ինչքանո՞վ է օրինաչափ եղել այդ հավաքը, բացի այդ՝ մինչ ցույցը արդեն կոչ է տարածվել, որը ստորագրել են մոտ 36 հասարակական կազմակերպություններ, որոնց թվում եղել են և ՀԿ-ներ և քաղաքական կուսակցությունների տեղական գրասենյակի ղեկավարներ՝ ՀԱԿ-ից, «Ժառանգություն»-ից, ՀՅԴ-ից, «Ազգային միաբանություն»-ից ,նաև ստորագրել են մարզպետարանի աշխատակիցներ՝ որպես ՀԿ-ների ներկայացուցիչներ, երկրապահ կամավորների Վանաձորի, Լոռու մարզի կառույցների ղեկավարներ: Ուշագրավ է, սակայն, որ կոչը հարձակումից երկու օր առաջ է ուղղվել, ընդ որում՝ ես սա որակում եմ ոչ թե որպես կոչ, այլ սպառնալիք. այնտեղ ասվում է, որ հետագա գործողությունների պատասխանատվությունը կընկնի կազմակերպիչների և աջակցողների վրա՝ դե աջակցողներն էլ մենք էինք:
Բացի այդ, նախաքննության մարմինը չէր անդրադարձել նաև ոստիկանության անգործությանը: Նրանք ցուցարարներին ուղեկցում էին Վանաձորի քաղաքապետարանի մոտից մինչև մեր գրասենյակ։ Ոստիկանությունը միջոցներ չէր ձեռնարկում այն պահին, երբ ցուցարարները քարեր էին նետում մեր գրասենյակի պատուհանների վրա: Հետո՝ ոստիկանությունը պետք է լինի ցուցարարների մեջ, իսկ նրանք ցուցարարների հետևում էին. ոստիկանությունը դրան էլ չի անդրադարձել։ Ո՞վ է եղել ստորագրահավաքի նախաձեռնողը՝ կազմակերպիչը. դա էլ չեն բացահայտել»,- ասաց նա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բողոքարկել է կարճելու որոշումը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց բողոքը և որոշել, որ պետք է քրեական գործ հարուցվի:
Դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, սակայն վերջինս Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է ուժի մեջ։ Բողոքարկել են Վճռաբեկ դատարանում, որը գործը հետ է ուղարկել Առաջին ատյանի դատարան։ Այսինքն՝ հիմա պետք է քննություն գնա:
Ա. Սաքունցը նշեց, որ, քննիչն իրենց կազմակերպությանը չի ուղարկել քրեական գործի մասին որոշումը. «Այնինչ պետք է տեղյակ պահեր, ոչ թե առանձին անդամների հրավիրեր բացատրություն վերցնելու: Ինձ անհանգստանցնում է Լոռու մարզային վարչության պետի պահվածքը՝ Անուբախ Համբարյանի մասին է խոսքը։ Ես մտահոգություն ունեմ, որ վկաների վրա նա կարող է ազդել՝ ուղղորդելով նրանց միատեսակ ցուցմունքներ տալու, որպեսզի չբացահայտվի իրականությունը։ Հիմնավոր կասկածներ ունեմ, որ նա հենց կազմակերպիչների թվում է»:
Ուշագրավ մի հանգամանք ևս՝ այդ ամբողջ իրադարձությունը տեսանկարահանվել է ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակի կողմից, որն էլ տրամադրվել է քննիչին: Տեսագրության մեջ, սակայն, այդ քարերով հարվածող, ծաղկամանի համար պայուսակի մեջ քար պահող կինը չկա։ Նրա փոխարեն մի երիտասարդ տղա է քարերով հարվածում պատուհաններին:
Արթուր Սաքունցին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ բացահայտված չէ, թե այդ ո՞ր բուհի ուսանողներն են դասից ազատ արձակվել և մասնակցել ցույցին:








































