Արաբ կանայք, որոնք հեղափոխությունների ժամանակ դուրս են եկել փողոցներ ու տղամարդկանց հետ հավասար պայքարել քաղաքական բռնապետությունից իրենց երկրները ազատագրելու համար, հայտնվել են իրենց պետության կառուցման գործից դուրս: Hurriyet Daily News-ի էջերում նման տեսակետ է հայտնել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սեդեֆ Քյուչյուկը:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կանայք հասարակության մեջ գտնվում են ավելի անբարենպաստ վիճակում, քան տղամարդիկ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում:
Համաձայն 2012-ի սեռային տարբերության գլոբալ ինդեքսի՝ Թուրքիան 135 երկրների ցուցակում զբաղեցնում է 124-րդ տեղը: Ավելի տխուր է պատկերը Եգիպտոսում (126), Իրանում (127) և Սաուդյան Արաբիայում (131):
Քաղաքական գործչի խոսքով՝ իսլամիստների իշխանության գալով կանանց իրավունքների ոլորտում դրական զարգացման հույսերը փոխվել են տագնապի:
Հաշվի առնելով իրավական փոփոխությունների միջոցով Թունիսում և Եգիպտոսում գենդերային հավասարությունը ճեղքելու իշխանամետ իսլամիստական կուսակցությունների վերջին փորձերը՝ ակնհայտ է դառնում, որ այդ երկրներում կանանց վիճակը նախկինի համեմատ միայն վատթարացել է:
Պատգամավոր խոսքով՝ Թուրքիայում գենդերային անհավասարության հիմնական պատճառը ավանդական սոցիալական կառույցներն են: Թուրք կանայք փակված են «կին-մայր-տնային տնտեսուհի» եռանկյունու մեջ: Հարազատների և ամուսինների ձեռքով տարեկան 200 թուրք կին է մահանում:










































