Լոս Անջելեսում կատուների համար խաղերի ու հավելվածների մրցույթ կկայանա։ Այս մասին հաղորդում է Polygon-ը: Մարտի 23-24-ը կայանալիք միջոցառման կազմակերպիչը Purina ընկերությունն է, որը կեր է արտադրում կատուների համար:
Տնային կատուների համար խաղերի ստեղծման մրցույթն իր բնույթով առաջինն է: Միջոցառման մասնակիցներին իրենց աշխատանքների համար ոչ միայն հարթակ է առաջարկվելու, այլև՝ հյուրասիրություն: Հաղթողին ընտրում է դատավորների հատուկ կոլեգիան, որի կազմը դեռ ներկայացված չէ:
Կատուների համար լավագույն խաղը կստանա գումարային մրցանակ՝ 15 000 դոլարի չափով: Այն մասնակիցը, ով երկրորդ լավագույն արդյունքը ցույց կտա, կստանա 3 000 դոլար: Երրորդ տեղի համար նախատեսվում է 2 000 դոլարի չափով մրցանակ: Թե ինչպես են գնահատվելու խաղերն ու հավելվածները, դեռ չի հաղորդվում:
Տնային կենդանիների տերերը հաճախ են թույլ տալիս իրենց սիրելիներին հաղորդակցվել համակարգչային խաղերի աշխարհի հետ: Որպես կանոն՝ կատուներին հետաքրքիր են այն խաղերը, որտեղ հերոսները շատ են շարժվում, նրանք հետևում են կերպարների տեղաշարժին և «բռնում» են նրանց:
Ավելի վաղ Friskies ընկերությունը ևս խաղեր էր թողարկել կատուների համար: Այդ կերպ ընկերությունը գովազդում էր իր արտադրանքը:









































