Գերմանիայում չորս ծայրահեղ իսլամիստ սալաֆիներ են ձերբակալվել: Ոստիկանության տվյալներով՝ նրանք մահափորձ են կազմակերպել ծայրահեղ աջ Pro NRW կուսակցության առաջնորդ Մարկուս Բայզիխտի դեմ: Այս մասին տեղեկացնում է The Local-ը:
Երկու կասկածյալները ձերբակալվել են Լևերկուզեն քաղաքում, որտեղ ապրում է Բայզիխտը: Նրանք իբր հետևել են քաղաքական գործչին, գրում է Spiegel-ը: Մեկ այլ կասկածյալ էլ ձերբակալվել է Էսենում: Նրա մոտ հայտնաբերվել են պայթուցիկ պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև՝ հրազեն: Չորրորդ կասկածյալը ձերբակալվել է Բոննում: Երեք ձերբակալվածները Գերմանիայի քաղաքացիներ են, չորրորդը՝ Ալբանիայի:
Հետախուզման արդյունքում սալաֆիների մոտ Pro NRW կուսակցության անդամների ցուցակ է հայտնաբերվել, որտեղ ութ անուններ, այդ թվում՝ նաև Բայզիխտի անունը, կարմիր գույնով առանձնացված են եղել: Չնայած ոստիկանությունը չի պնդում, որ նրանք բոլորը պետք է իսլամիստների զոհը դառնային, նրանց տները պահպանության տակ են վերցվել:
2012-ի մայիսին Բայզիխտի կուսակցության անդամները Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթ են կազմակերպել ու մի քանի փողոցային ակցիաներ են կազմակերպել և մզկիթների հարևանությամբ ցուցադրել են այդ ծաղրանկարները: Այդ գործողությունները դարձել են Pro NRW-ի ակտիվիստների և սալաֆիների միջև բախումների պատճառ, որոնց արդյունքում 29 ոստիկաններ են տուժել, և ավելի քան 100 մարդ ձերբակալվել է:
Դրանից հետո համացանցում գերմանացի մի իսլամիստի հայտարարություն էր տեղադրվել, որը կոչ էր անում իսլամիստներին սպանել Pro NRW-ի ակտիվիստներին: Բոննի այդ անանուն բնակիչը խնդրել էր պարզել նրանց անունները, հասցեները և գործունեության ոլորտը:












































