«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն այսօր Ազատության հրապարակում կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատողների կողմից ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի հիշատակը:
Նա հարթակից կարդացել է Վահե Ավետյանի քրոջ՝ Վերոնիկա Ավետյանի նամակը. «Ողջունում եմ բոլորիդ: Այն վայրագությունը, որ մեր ընտանիքի հետ տեղի ունեցավ, ողջ հայության կյանքում անջնջելի հետք թողեց: Թող այս պայքարը սիրո պայքար լինի, թող ոչ մի մայր արցունք չթափի, երանի՜ ոչ մեկիդ ընտանիքում վիշտ ու ցավ չլինի: Ձեզ իմաստնություն եմ ցանկանում, որ ճիշտ ուղով տանեք շարժումը: Մենք իրավունք չունենք գլուխներս հանգիստ բարձին դնելու, քանի դեռ մեղավորները չեն պատժվել»,-ասված է նամակում:
Դավիթ Սանասարյանն էլ իր կողմից հավելեց, որ Վահե Ավետյանի մարդասպանները պատասխան են տալու.
«Վահե Ավետյանի երեխաներին խոսք եմ տալիս, որ նրանք ապրելու են ազատ, անկախ Հայաստանում»,-ասաց Դավիթ Սանասարյանը:










































