«Այս հարթակն ինձ համար հարազատ է, 88-ին ես այստեղ օրեր ու գիշերներ եմ անցկացրել: Տարիների ընթացքում հասանք որոշակի հաջողությունների, բայց չունենք այն Հայաստանը, որտեղ կարող ենք հպարտ ապրել»,-այսօր հանրահավաքի ժամանակ ասել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա ասել է, որ չի փոշմանել այն ներդրումից, որն արել է վերջին տարիներին: Նա իր կյանքի վերջին 20 տարին նվիրել է սպառողների շահերի պաշտպանությանը:
«Հստակ ասեմ՝ կեղծված սնունդ, կեղծված ընտրություններ: Ո՞րն է տարբերությունը: Լավ կամ վատ նախագահ չկա, կա ընտրված և չընտրված նախագահ, սա է բոլորիս սկզբունքն ու նպատակը: Առաջարկում եմ լինել հետևողական: Կայանալու են Երևանի ավագանու ընտրություններ, մենք չենք կարող անուշադրության մատնել: Երևանում կուտակված է մեր երկրի պոտենցիալի կեսը, մենք պետք է հստակ թիմով մասնակցենք և հաղթենք այդ ընտրություններում, և այդ ցուցակը պետք է գլխավորեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը»,-ասել է Արմեն Պողոսյանը՝ ավելացնելով՝ մենք ունենք այդ պոտենցիալը, մենք ուժ ունենք և հետևողական պետք է լինենք:











































