«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ՀԺԿ-ն այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ քաղխորհրդի նիստում որոշվել է, որ «ՀԺԿ-ն կմասնակցի ավագանու ընտրություններին, եթե քաղաքական ուժերի համախմբում լինի»: «Առաջարկ, որպես այդպիսին, չի քննարկվել: Մեր մոտեցումը հետևյալն է. եթե լինի ընդդիմադիր դաշտի լուրջ համախմբում, ՀԺԿ-ն կմասնակցի, եթե համախմբում չլինի, ՀԺԿ-ն չի մասնակցի»,- ասաց Հարությունյանը:
Հայտնի է, որ «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը բանակցում է որոշ ուժերի հետ` միասնական ցուցակով հանդես գալու շուրջ: Մեր հարցին, թե ՀԺԿ-ն կմիանա՞ այդ համախմբմանը, ՀԺԿ քարտուղարը պատասխանեց. «ՀԺԿ-ն և «Ժառանգությունը» դա համախմբում չի: ՀԺԿ-ն կմասնակցի ավելի լայն համախմբման դեպքում: Մեկ-երկու օրից ամեն ինչ պարզ կլինի, բանակցություններն ընթանում են»: Հարցին, թե որն է ավելի լայն համախմբումը, նա պատասխանեց. «ՀԱԿ-ն է, ՀԺԿ-ն, Դաշնակցություն, «Ժառանգություն»: «Ժառանգության» հետ էլ է բանակցություններ գնում, ՀԱԿ-ում էլ է բանակցություններ գնում»: ԲՀԿ-ի հետ, ըստ նրա, բանակցություններ չկան, քանի որ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ առանձին է մասնակցելու։
ՀԺԿ-ի որոշումն ուշագրավ է, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, ՀԱԿ ցուցակը գլխավորելու էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով հասարակության մեջ իսկապես դրական իմիջ ունի և այդ ցուցակին կարող է հաջողություն բերել: Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ հեռուստաեթերով Արամ Մանուկյանը հայտարարեց, թե իրենք խնդիր չունեն և Երևանի ավագանու ընտրություններին կարող են նաև ՀԺԿ ցուցակով մասնակցել:
Այսօր նույն հարցով քաղխորհրդի նիստ է հրավիրել նաև «Հանրապետությունը»։ Կուսակցությունը որոշել է ավագանու ընտրություններին մասնակցության հարցը քննարկման չդնել, քանի որ Ազատության հրապարակում վիճարկվում են նախագահի ընտրությունների արդյունքները:











































