Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ավանդական Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») օրհնությունից հետո, որը չորեքշաբթի օրն արտասանել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից, հրաժարվել է կոնկլավի մասնակիցների նստավայր SCV1 համարներով սև լիմուզինով վերադառնալ:
Նորընտիր Պապը նախընտրել է այնտեղ վերադառնալ ավտոբուսով, մյուս կարդինալների հետ միասին։ Հինգշաբթի օրն այս մասին տեղեկացրել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:
Հինգշաբթի առավոտյան Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկ այցելության ժամանակ նա իր հետ փոքր ծաղկեփունջ է բերել, որը դրել է Salus Populi Romani (Հռոմի ժողովրդի փրկություն) սրբապատկերի առջև։ Ականատեսների վկայությամբ՝ Ֆրանցիսկոս I-ն իտալական ոստիկանության ներկայացուցիչներին և Վատիկանի ժանդարմներին խնդրել է չփակել տաճարի մուտքը սովորական հավատացյալների համար, ինչպես նաև չհսկել այն այս այցելության ժամանակ: «Ես ուխտագնաց եմ և այստեղ եմ եկել բոլոր ուխտագնացների հետ միասին»,- ասել է նորընտիր Պապը:
Բազիլիկում աղոթելուց հետո Պապը մեկնել է Հռոմի կենտրոնում գտնվող հյուրանոցը, որտեղ նա ապրում էր կոնկլավից առաջ: Նա այնտեղից վերցրել է իր ճամպրուկները և վճարել հաշիվները: Լոմբարդիի խոսքերով՝ դա արվել է «լավ օրինակ» ծառայելու համար:







































