Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օրեր առաջ գաղտնի տեղափոխվել է Իսրայել: Տարբերակներից մեկի համաձայն՝ Նազարբաևը Իսրայել է ժամանել բուժման նպատակով: Այս մասին հաղորդում է NEWSru Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական Yedioth Ahronoth թերթը:
Մարտի 14-ին հայտնի է դարձել, որ Նազարբաևը անձնական այցով, որի մասին ոչինչ չի ասվել նախագահի պաշտոնական կայքում, ժամանել է Իսրայել: Լրագրողների կարծիքով՝ նրա այցելությունը ընթանում է գաղտնի հանգամանքներում:
Ավելի վաղ Նազարբաևը երկու անգամ (1995 և 2000թթ.) պաշտոնական այցով ժամանել է Իսրայել, սակայն այս անգամ նախագահի այցը հատուկ գաղտնի է պահվում: Լրագրողների կարծիքով՝ հավանաբար, 72-ամյա Նազարբաևն Իսրայել է ժամանել բուժման նպատակով: Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում որևէ տվյալ չկա, թե ներկայում նա որտեղ է գտնվում:
Դրա հետ մեկտեղ, 2011թ. ԶԼՄ-ներում շշուկներ են տարածվել այն մասին, որ Նազարբաևը տառապում է քաղցկեղով: Մի քանի տարի առաջ Նազարբաևը Գերմանիայում շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել: Նախագահի մամլո ծառայությունն այդ ժամանակ հերքել է տեղեկությունն այն մասին, որ Նազարբաևը հոսպիտալացվել է և գտնվում է ծանր վիճակում:









































