Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է 2013 մարտի 18-ի ժամը 16.00-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում:
Այս մասին տեղեկանում ենք «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի մամլո ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը կալանավորվել է սույն թվականի մարտի 5-ին:
Վ. Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նաև նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:









































