Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը քաղաքական կամք ունի Աբխազիայով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Իվանիշվիլին նման հայտարարությամբ հադես է եկել շրջանային մամուլի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետն ընդգծել է, որ իրենք զգույշ մոտեցում են ցուցաբերում դրան, քանի որ այդ հարցը պետք է կարգավորվի ավելի լայն խնդիրների համատեքստում՝ կապված Ռուսաստանի և «օկուպացված տարածքների» հետ:
«Դուք գիտեք, որ դա շատ զգայուն թեմա է: Այնտեղ առկա են մեր գլոբալ հարաբերությունները Ռուսաստանի և օկուպացված տարածքների հետ, և դա դիտարկվում է այս համատեքստում: Լավ է, որ դրա համար գոյություն ունի քաղաքական կամք, սակայն դա պետք է լուծվի այդ խոշոր խնդիրների համատեքստում»,- հայտարարել է նա:
Իվանիշվիլին ասել է, որ իրենք շատ զգույշ են մոտենում այդ հարցին, և նշել է, որ պետք է աստիճանաբար առաջ ընթանալ, քանի որ շտապողականությունը կարող է վնասել:
Վարչապետը նշել է, որ այդ գործընթացը պետք է զարգանա այնպես, որ օգտակար լինի Վրաստանի համար:











































