Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Հարություն Հարությունյանի գործի դատավարությունը:
2012 թվականի հունիսի 16-ին Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել անհայտ անձի կողմից Ռոզա Խաչատրյանին ապօրինաբար, դիտավորությամբ սպանելու փաստի առթիվ:
Հունիսի 20-ին դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել 21-ամյա Հարություն Հարությունյանին:
Ըստ դատավճռի՝ 2012 թվականի հունիսի 16-ին, ժամը 21-ի սահմաններում Հարությունը գնացել է Գյումրիի Լալայան փողոցում բնակվող Ռոզա Խաչատրյանի տնակ, վիճաբանել նրա հետ՝ իր մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու պատճառով:
Վիճաբանության ընթացքում Հարությունը սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և 10 հարված հասցրել տարեց կնոջ որովայնի ու կրծքավանդակի շրջաններին՝ պատճառելով վեց թափանցող, երեք չթափանցող ու ձախ նախաբազկի մեկ կտրած վնասվածքներ:
Արնաշաղախ Ռոզային թողնելով ընկած՝ Հարությունը դիմել է փախուստի:
Հարևանները աղմուկի վրա հավաքվել են, Ռոզային տեղափոխել հիվանդանոց, բայց ընդունարանում Ռոզա Խաչատրյանը մահացել է:
Հարություն Հարությունյանը նախաքննության և դատաքննության ժամանակ իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանական ցուցմունքներ տվել, որ մանկուց ճանաչել է իրենց թաղի բնակիչ Ռոզա Խաչատրյանին:
Իմացել է, որ վերջին շրջանում նա թաղամասում իր անվան հետ խաղացել է՝ ասելով, թե ինքը «գործ տվող» է: Դա իր համար շատ վիրավորական է եղել:
Դեպքի օրը՝ երեկոյան, գնացել է ծխախոտ գնելու: Տնակի մուտքի մոտ տեսել է Ռոզա տատին: Նա, իրեն տեսնելով, առանց պատճառի սկսել է հայհոյել. հայհոյելու բնավորություն ուներ:
Երբ Հարությունը վրդովվել է, Ռոզան ասել է. «Չախալ աչքերդ վրայիցդ կհանեմ»:
Հարությունը այդ խոսքերից, ինչպես նաև Ռոզայի ընդհանուր պահվածքից վիրավորվել է ու առաջացել դեպի նա:
Ռոզայի ձեռքին, Հարությունի պատմածով, այդ պահին դանակ կար, նա այդ դանակը առաջ է պարզել: Հարությունի կարծիքով՝ ցանկացել է հարվածել, ինքն էլ պաշտպանվելու նպատակով մտել է տնակ, սեղանի վրայից վերցրել խոհանոցային դանակը, մի քանի հարված հասցրել Ռոզային ու փախել:
Գնացել է ուղիղ… գերեզմանատուն: Ճանապարհին արյունոտ դանակը շպրտել է:
Հաջորդ օրն իմացել է, որ Ռոզան մահացել է: Հարությունը գնացել է ոստիկանություն և խոստովանել կատարած հանցանքը:
Դատարանում նա ժխտել է, որ Ռոզա Խաչատրյանից հինգ հազար դրամ է ուզել:
Հինգ հազար դրամի մասին, ըստ դեպքի վայր հասած հարևաններից մեկի, Ռոզան էր ասել:
Հարևաններն աղմուկ-աղաղակի վրա վազել էին ու տեսել տնակի մոտ արնաշաղախ ընկած Ռոզային:
Շտապօգնություն էին զանգահարել, Ռոզային տեղափոխել տնակ, պառկեցրել թախտին ու հարցրել էին, թե ով է խփել: Ռոզան պատասխանել էր. «Աղասու տղեն էր, հինգ հազար էր ուզում: Չտվեցի, դանակով խփեց ու փախավ»:
Մյուս հարևանի ցուցմունքով՝ Ռոզան ասել էր. «Աղասու տղեն էր, զարկեց ու փախավ»:
«Աղասու տղեն» թաղի բնակիչ Մանուկի, ում նաև Աղասի էին ասում, որդին էր՝ Հարութը՝ Հարություն Հարությունյանը:
Վերջինս դեպքից հետո գնացել էր հորաքրոջ տուն, այնտեղ գտնվող բարեկամներին ասել, որ դանակով խփել է Ռոզային:
Հարությունը նախկինում հոր մոտ դժգոհել էր Ռոզայի կողմից իրեն անվանարկելու պատճառով, հայրն էլ, ըստ իր ցուցմունքի՝ իմանալով Ռոզայի վատ բնավորությունը, խորհուրդ էր տվել նրանից հեռու մնալ:
Ռոզա Խաչատրյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ տուժողը որևէ հիվանդությամբ չի տառապել:
Համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Հարություն Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «սահմանային մտավոր հետամնացություն աֆեկտի անկայունությամբ» հիվանդությունը:
«Նրա մոտ հայտնաբերվել են էմոցիոնալ ոլորտի անկայունություն, նյարդայնություն, բռնկվողություն, անհանդուրժողականություն, հիշաչարություն՝ մտավոր հետամնացության և մանկավարժական բարձիթողության հետ մեկտեղ»:
Սակայն, ըստ փորձագետների, հանցանքը կատարելու պահին Հարությունյանը չի գտնվել հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր խանգարման վիճակում: Նա եղել է սթրեսային իրավիճակում:
Մասնագետները Հարություն Հարությունյանին ճանաչել են սահմանափակ մեղսունակ, խորհուրդ են տվել, որ Հարությունյանը գտնվի նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողության տակ, կարիքն առաջանալու դեպքում ստացիոնար բուժում ստանա դատապարտյալների հիվանդանոցում:
Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հարությունյանը դեպքի պահին չի գտնվել նաև ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա եղել է հուզական լարվածության կուտակման ֆոնի վրա շփոթվածության, սեփական կյանքի համար ունեցած վախի վիճակում, ինչը էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա:
2013 թվականի փետրվարի 1-ի դատավճռով Հարություն Հարությունյանը դատապարտվել է 12 տարի ազատազրկման:
Հարությունյանի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ, նրա հիվանդությունները, հոգեվիճակը նկատի ունենալով, սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, իսկ եթե դատարանը դա անհնար կհամարի, ապա գոնե՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն պատժաչափ:









































