Արդեն երկու տարի է՝ հայաստանցիները նախընտրում են եվրոպական երկրներ մեկնել Վրաստանից՝ օգտվելով տոմսերի ավելի մատչելի տարբերակից: Ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ այդ տարբերությունն ավելի է ընդգծվում: Վերջերս մենք ներկայացրել էինք գնային տարբերությունները: Օրինակ՝ հուլիսի 10-17 ընկած ժամանակահատվածում Երևանից Բարսելոնա ավիատոմսը հետադարձով արժեցել է 850 եվրո, իսկ Թբիլիսիից՝ 427 եվրո: Կրկին հետադարձով՝ Երևանից Փարիզ ավիատոմսը 594 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 374: Էական տարբերություն կա Հռոմի ուղղությամբ, որը Երևանից արժե 623 եվրո, իսկ Թբիլիսիից՝ 407: Դեպի Կիպրոս Երևանից ու Թբիլիսիից տարբերությունը ավելի քան հարյուր եվրո է: Շուրջ 100 եվրոյի տարբերություն կա նաև Չեխիայի ուղղությամբ. Երևանից Պրագա՝ 584 եվրո, իսկ Թբիլիսիից՝ մոտ հարյուր եվրո պակաս: Կրետե կղզի վերոնշյալ ժամանակահատվածում մեկնելիս Թբիլիսիից ավիատոմս կարելի է գտնել կիսով չափ էժան. Երևանից 605 եվրո է, Թբիլիսիից՝ 322 եվրո:
«Առաջին հայացքից թվում է, թե հեռու է Վրաստանը, մարդիկ հանգստի մեկնելուց առաջ այդքան ճանապարհ չեն անցնի, բայց տոմսերի գների տարբերությունն այնքան մեծ է, որ մենք ընտանիքով արդեն երկրորդ տարի է՝ Հունաստան մեկնում ենք Վրաստանից: Ասեմ, որ ընտանիքով, 5-6 անդամով մեկնելիս ահագին գումար ենք խնայում, որն այնտեղ մեր հանգստի վրա ենք ծախսում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Հասմիկը՝ հավելելով, որ զարմանում է, թե մեր կառավարությունը ինչպե՞ս է մտածում, կամ ինչո՞վ է մտածում:
«Ես չեմ հասկանում. իրենց փող պետք չի՞, չե՞ն կարող այնպես անել, որ մի քիչ մատչելի լինի, այդ գումարները մեր երկրում մնան»,- ասաց նա:
Տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում ևս ընդգծեց, և՛ այս սեզոնին, և՛ ձմռանը, երբ կրկին ակտիվանում է հանգստի շրջանը, հանգստացողների գերակշիռ մասը հանգստի մեկնում է Թբիլիսիից: «Հատուկ վիճակագրություն չենք վարում, բայց մոտավոր ասեմ, որ 10-ից 7-8-ը հաստատ նախընտրում է Թբիլիսիից թռիչքը: Շատ քիչ դեպքեր են լինում, երբ քաղաքացին գումարի խնդիր չի ունենում, իր համար 50-60-70 հազար դրամը մի տոմսի մեջ խնդիր չի լինում, նախընտրում է Վրաստան չհասնելը: Մի բան հստակ է, որ Վրաստանից թռչել ցանկացողների թիվը գնալով աճում է»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ անցած տարի հայրենի կառավարությունն այս երևույթի դեմ պայքարելու յուրօրինակ միջոց էր գտել: Արտաքին գործերի նախարարությունը ներքին հրահանգ էր արձակել Հայաստանում գործող դեսպանություններին (հիմնականում եվրոպական երկրների)՝ չհաստատել այն քաղաքացիների շենգեն-վիզաները, ովքեր թռչում են Թբիլիսիից: Այդ փաստը անցած տարի մեզ հետ զրույցում հաստատել էին նաև տուրիստական գործակալությունների ղեկավարները, ինչը մեծ արձագանք գտավ, և ԱԳՆ-ն հետ կանգնեց մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտելու իր հակաօրինական քայլից:
Այս տարի, թերևս, կառավարությունը նման «կրեատիվ» քայլերի չի գնացել, սակայն ակնհայտ է, որ անհանգստացած է խնդրով: Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը:







































