«Հին Երևան» չարչրկված ծրագիրը շուտով կարող է իրականություն դառնալ: Համենայնդեպս այդ մասին երեկ տեղեկացրեց կառավարությունը: Ծրագրի կյանքի կոչմանը նպաստելու է Հովիկ Աբրահամյանի որդու բիզնես գործընկերը:
«Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին երեկ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել է «Հին Երևան» ծրագրի իրագործման համար ներդնել 150 միլիոն դոլար գումար:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի կառավարության նիստերից մեկում վարչապետը հայտարարել էր, որ «Հին Երևան»-ը շատ կարևոր ծրագիր է, և իր անձնական խնդրանքն է եղել, որ մեր հայրենակիցներից մեկը, որ ունի ֆինանսական մեծ հնարավորություններ, այս ծրագիրն ավարտին հասցնի: «Մեծ ներդրում է իրականացվելու՝ մինչև 120-130 մլն. դոլար, և վերջնականապես այս խնդրին լուծում կտանք: Ուղղակի բազմաթիվ խոչընդոտներ կան ստեղծված, որ հիմա փորձում ենք հաղթահարել, որ ծրագիրը հաջորդ տարի իրագործվի, ու շինարարական աշխատանքները սկսվեն»,- դեռևս 2014-ի վերջին ասել էր Հովիկ Աբրահամյանը:
Փաստորեն ֆինանսական մեծ հնարավորությունների տեր մեր հայրենակիցներից մեկը վարչապետի որդու բիզնես պարտնյորն է, պարզապես հասկանալի չէ, թե ինչ շահ ունի բիզնեսմենը՝ «Հին Երևան»-ի ծրագրի իրագործման համար գումար ներդնելով: Եվ կրկնակի հասկանալի չէ այն, թե ինչպես է հետ ստանալու գործարարը իր ներդրած հսկայական գումարները:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս քայլը պարզապես վարչապետի կողմից իմիտացիոն քայլ է, որով Հովիկ Աբրահամյանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանում ստեղծված տնտեսական ծանր վիճակին զուգահեռ ինքը ներդրողներ է բերում Հայաստան:
««Ֆրանկ Մյուլլերը» տարիներ առաջ Հայաստան էր եկել, բայց բավական մութ պատմությունների արդյուքնում Հայաստանից հեռացավ, անգամ փողերի լվացման մասին խոսք գնաց, իսկ հիմա Հովիկ Աբրահամյանը, գիտակցելով, որ իր վարչապետ նշանակվելուց հետո իր առջև խնդիր է դրված ներդրումներ բերել Հայաստան, ու քանի որ այլք չեն շտապում Հայաստանում ներդրումներ անել, Հովիկ Աբրահամյանին այլ բան չի մնում, քան իրեն ծանոթ, իր ընտանիքի անդամների հետ բիզնես կապերի մեջ գտնվող գործարարներին հրավիրելը, կամ գոնե այդպիսի իմիտացիա ստեղծելը, որ նման պրոցես է գնում»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Հովիկ Աբրահամյանը նման քայելրի է գնում, քանի որ նրա վրա պարտավորություն է դրաված ներդրումներ բերել Հայաստան, մանավանդ այն բանից հետո, երբ միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների կանխատեսմամբ՝ Հայաստանը տնտեսական տարին անկումով է փակելու: «Հովիկ Աբրահամյանը համառորեն հայտարարել է, որ թեկուզ փոքր, բայց տնտեսական աճ ապահովվելու է: Եվ ես կարծում եմ, որ հիմա նա հուսահատ փորձեր է անում Հայաստանում ներդրումներ բերելու համար»:
Ինչ վերաբերում է «Հին Երևան» ծրագրում ներդրումներ անելուն և շահույթ ակնկալելուն, գումարները հետ ստանալուն, Սաֆարյանն ասաց, որ ծրագիրն, անշուշտ, շահույթ ենթադրում է, բայց այս պահին դժվար է ասել, թե «Հին Երևանը» ինչ չափով կվերկանգնվի, և ինչ կենթադրի ծրագրի իրագործումը:
Միևնույն ժամանակ, սակայն, Սաֆարյանի խոսքով՝ անգամ դժվար է ասել, որ «Հին Երևան» ծրագիրը վերջապես իրագործվի: Սաֆարյանի խոսքով՝ «Հին Երևան» ծրագիրը առավել պետք էր և հորինվեց Երևանի կենտրոնը «մաքրելու» և ցանկալի շինություններ կառուցելու համար: «Մեծ ճիգեր պետք չեն կռահելու համար, որ Հայաստանում իշխանությունների կողմից ավելի շատ իմիտացիոն կառավարում է իրականացվում: Հետևաբար կոռուպցիայի հանձնաժողով ստեղծելուց մինչև նման ծրագրերի իրագործումը ուղղակի բլեֆ են»,- եզրափակեց Սաֆարյանը:










































